Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման ժամանակ Լեհաստանը բարձրացրել է իր ռազմական ավիացիան

Մանրամասներ
Լեհաստան կործանիչ

Փետրվարի 7-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի մասշտաբային հրթիռային հարձակման ժամանակ Լեհաստանը բարձրացրել է իր ռազմական ավիացիան։ Այս մասին Х-ում հայտնել է լեհական հրամանատարությունը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումների հետ կապված Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ գործունեության պատճառով Լեհաստանում ակտիվացվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։

Նշվում է, որ երկրի ղեկավարությունը վերահսկում է իրավիճակը և ձեռնարկում համապատասխան միջոցներ։

Հավելենք, որ ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Վաղ առավոտյան ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում, որն ավելի ուշ չեղարկվել է։

Կիևում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը, քաղաքում մի քանի պայթյուն է լսվել, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Դնեպրի շրջանում հրթիռի բեկորներ են ընկել։ Երկու մարդ վիրավորվել է, երկու բարձրավոլտ գծեր և ջեռուցման համակարգեր են վնասվել, ինչի հետևանքով որոշ սպառողներ Դնեպրի ձախ ափին մնացել են առանց էլեկտրականության, հավելել է Կլիչկոն։

Գոլոսեևսկի թաղամասում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում։ Մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է էլեկտրացանցը։

Հարձակման ժամանակ Խարկովում ևս պայթյուններ են հնչել։ Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածներ են գրանցվել քաղաքի Սլոբոդսկի թաղամասում, վնասվել են ոչ բնակելի ենթակառուցվածքներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ռուսական զորքերը նաև անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել են Նիկոլաևի վրա, ասել է շրջանի ղեկավար Վիտալի Կիմը։ Շուրջ 20 բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել ստորգետնյա գազատարի մի հատվածում։