Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ

Մանրամասներ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի պատճառով, հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:

Կոմիտեում ընդգծել են, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տարածված բոլոր պնդումները որևէ հիմք չունեն։

«Այս հայտարարությունների առնչությամբ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով, պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին: Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Եվգենի Պրիգոժինի անունից՝ «Վագներ»–ի թիկունքային ճամբարներին «հարվածելու» մասին տարածված բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

ՌԴ ՊՆ–ն այդ հաղորդագրություններն անվանել է «տեղեկատվական սադրանք»։