Վիտոն հիմա բանակցություններից «չեզոքացված է», բայց հենց ինքն է թույլ տվել ռենտգեն-ապարատի տեղադրումը

Մանրամասներ
ա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված տարաբնույթ քննարկումներ կան, ընդհուպ նշվում է, որ Արցախի իշխանական օղակները Բաքվի հետ որոշակի կուլիսային պայմանավորվածություններ ունեն։ Ի՞նչ տեղեկություններ ունեք դուք։

Դրանք կիսակուլիսային պայմանավորվածություններ են։ Եվ դա այն է, որ թույլ են տվել ստուգել՝ այսինքն մուտք են թույլ տվել։ Դա իշխանության առաջին զիջումը չէ, այդպիսի զիջողական մի քանի քայլեր են արվել, բայց այս պահի դրությամբ թվում է, որ «կարմիր գիծն» իրենց համար էլ է դարձել «կարմիր գիծ»։ Այժմ էլ զիջելու տեղ չկա։ Սպասում էին՝ մի անգամ էլ գլխով պատին տանք, որ այսպես լինի։

Հիմա իմ տեղեկություններով  չկա ոչ մի պայմանավորվածություն։ Դիրքորոշումը հստակ ու կոնկրետ է՝ ոչ մի զիջում, ոչ մի բանակցություն թշնամու հետ, բացառությամբ եթե լինեն միջազգային մեխանիզմներ, ոչ թե Վիտոյի ֆորմատով։ Հիմա մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ինֆորմացիան։ Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը հակառակ քայլերն է անում, իր  իրականությունն է ցույց տալիս՝ պատրաստվելով ագրեսիվ գործողությունների։

-Կուլիսային բանակցությունների մասին իմ հարցը վերաբերում էր հենց Վիտալի Բալասանյանին, կա՞ն այդպիսի մտահոգություններ։

-Ճիշտն ասած՝ այո՛, և շատ էլ  լավ ակնհայտ գործողությունների մեջ է։ Ինքը համաձայնություն է տվել, որպեսզի ռենտգեն-ապարատ տեղադրեն։ Բայց ես ուզում եմ հիմա հասկանանք, թե  ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալու։Հիմա Վիտոն  «չեզոքացված է», այն առումով, որ բանակցություններին չի մասնակցում։ Ամեն ինչ շատ պարզ է, ով է Վիտոն, մնացածն ովքեր են, ինչպես են նահանջել, ինչպես են զիջել մեր շահերը։  Բայց «կարմիր գիծը» բոլորիս համար է եկել և պետք է փորձենք ժամանակավոր  ամեն ինչ թողնել մի կողմ։ Վիտոյի կամ մնացածների հետ կապված վերաբերմունքս չեմ փոխել, բայց այսօր խնդիր ունենք դուրս գալ շրջափակումից։ Այդ խնդիրն ենք փորձում լուծել։ Այս պահի դրությամբ կառավարական ուժերը որոշակի քաղաքականություն են վարում, պետք է փորձենք ակտիվ մասնակցել, կոնստրուկտիվ  գործընթացի անհրաժեշտություն կա։ Մեկը կարող է ասել Նիկոլն է մեղավոր, մյուսը՝ Ռոբիկը․․ բայց այդ ամենը պետք է դնենք մի կողմ։

-Իսկ Արցախի ժողովուրդն ու՞մ հետ է հույս կապում՝ ռուս խաղաղապահների՞, թե՞ միջազգային կառույցների։

-Բոլորն էլ տեսնում են, որ ո՛չ ռուս  խաղաղապահներն են վստահություն ներշնչում, ոչ էլ միջազգային հանրությունը։ Հիմա հայության բոլոր ուժերի համաշխարհային մոբիլիզացիայի կարիք ունենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Պետք է պայքարենք, որ Արցախը Նախիջևան չդառնա։ Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ արցախցին պայքարելու է, որ Արցախը մնա հայկական։ Այս պրոցեսում չափից  ավելի կարևոր է լրատվամիջոցների աշխատանքը։ Մեր ուժն ու զենքը փափուկ ուժ կոչվածն է։