Մենք բոլորս հիմա կարծես անբարոյական լինենք. Ամեն ինչի արժանի ենք

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Lragir.am-ի զրուցակիցն է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խոջաբաղյանը

Պատերազմից հետո դուք բարձրացրեցիք հարցը, որ Գորիսի, սահմանամերձ դարձած այլ բնակավայրերի բնակիչների ինքնապաշտպանությունը պետք է բարձրացնել, մարդկանց համախմբել։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ դիմագրավելու այս մարտահրավերներին։

Մենք ընդհանրապես պատրաստ չենք այս իրավիճակին, որովհետև պետական միջոցներով աշխատանք չի տարվում, մասնավոր հատվածն էլ առանձնապես շահագրգռված չէ։ Այդ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Հիմա մենք որոշել ենք այդ ուղղությամբ մեր ջանքերն ուժեղացնել, որպեսզի գործողությունների մասշտաբն ընդլայնենք։ Բոլոր հնարավոր կառույցների ռեսուրսները պետք է կիրառենք, որպեսզի հանրային իրազեկման, պատրաստվածության ուղղությամբ ավելի լայն աշխատանքներ կատարվեն։ Բնակչությունն ընդհանրապես անհաղորդ է այն իրավիճակին, որը մենք ունենք այսօր։

Ո՞րն է անտարբերության պատճառը։

Պետական քաղաքականությունը։ Մեզ անընդհատ ուզում են այնպիսի իրավիճակի մեջ պահել, որ չմտահոգվենք, ասում են՝ նորմալ է ամեն ինչ, ինչո՞ւ եք խառնվել բանակի գործերին։ Ինչ հիմարություններ ասես խոսում են, բայց իրականում թուրքն առաջ է գալիս այնքան, ինչքան իրեն պետք է, իրեն թույլ է տալիս նաև բնակավայրեր ռմբակոծել։ Եվ այդ ամենը առանձնապես դատապարտման չի հանդիպում միջազգային ասպարեզում։ Ուկրաինայի դեմ պատերազմի համար ամբողջ աշխարհը Ռուսաստանին դատապարտում է, բայց մեր պարագային քայլեր չենք տեսնում։ Դա մի կողմից իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, բայց մյուս կողմից իրենցից հիմա ընդհանրապես ոչինչ կախված չէ։ Նրանք արդեն ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունեն, լրիվ այլ իրականությունում են ապրում, այլ Հայաստանում են ապրում։ Այն, ինչ իշխանություններն են այսօր խոսում, ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ։

Նրանք խոսում են այն մասին, որ հետևողականորեն գնում են խաղաղության դարաշրջան բացելու, այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։

Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի երաշխավորում, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո խաղաղություն կլինի։

Որ դեպքում կարող ենք խաղաղություն ունենալ։

Երբ չվախենանք պատերազմից, կռվենք մինչև վերջ, այդ ժամանակ խաղաղություն կլինի։ Մնացած դեպքերում խաղաղություն չի լինի։ Մեզ ծաղրում են, ամբողջ քարոզչությունն այն ուղղությամբ է, որ խաղաղության դարաշրջան են բացում, բայց կանգնում ասում է՝ ես չեմ կարող երաշխավորել, որ դրանից հետո պատերազմ չի լինելու։

Նաև իշխանությունները հայտարարեցին, որ պատերազմից հետո չունեն ռեսուրս՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Սա ի՞նչ հետևանքներ է ունենում։

Արցախից հրաժարվելն ինքնասպանություն է։ Հայաստանն առանց Արցախի չի կարող լինել։ Ոնց որ ասես՝ մենք հրաժարվում ենք Տավուշից, որովհետև չենք կարողանում պահել։ Այսինքն՝ եթե Արցախը չենք կարողանում պահել, Սյունիքը կարո՞ղ ենք պահել։ Ոչ, Սյունիքն էլ չենք կարող պահել, եթե Սյունիքը չենք կարող պահել, Լոռին էլ չենք կարող։ Այսինքն՝ մենք ոչինչ ենք։ Բայց մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ Արցախն ուրիշ է, Սյունիքն ու Տավուշն ուրիշ են։ Բայց դա Հայաստան է, եթե Հայաստանը չես կարողանում պահել, ուրեմն անպիտան ես, պետք է ռադդ քաշես։ Հիմա թուրքը հասել է Ջերմուկ, չեն կարողանում պահել։ Պատերազմից երկու տարի է անցել, բայց մենք ոչինչ չենք արել։ Դա միայն իշխանություններին չի վերաբերում, հասարակությանն էլ է վերաբերում։ Եթե իշխանությունները հայտարարում են՝ այսքան զենք ենք գնել, այսքան բարեփոխում ենք արել, դա ինձ հետաքրքիր չէ, ես փաստն եմ արձանագրում։ Իսկ փաստն այն է, որ թուրքը եկել մտել է Ջերմուկ, իսկ մենք իրենց չենք հանում։ Նշանակում է, որ չենք կարողացել այդ գործն անել, իսկ եթե չես կարողանում անել, պետք է տղամարդավարի կանգնես ասես, որ չես կարող ու գնաս։

Պարտվողական տրամադրություններ են տարածվում հետևողականորեն, որ թույլ ենք, մեզնից ոչինչ կախված չէ, ռեսուրս չունենք։ Սա ի՞նչ նպատակ ունի։

Դրանով իրենք իրենց են արդարացնում, դա իրականությանը չի համապատասխանում։ Դու կռվիր, եթե ուզում ես պահել՝ կպահես, չես ուզում՝ չես պահի։ Դավաճանական հոգեբանությունը հենց այստեղ է երևում, որ իրենք չեն ուզում։ Կկուի պատմությունն է, երբ կկուն իր ձագերին անընդհատ գցում է։ Հիմա ինքն այդ կկուն է, Սև լիճը գցեց, Արցախը գցեց, Ջերմուկը գցեց։ Եթե մենք որոշենք, որ պետք է կռվենք, ռեսուրս կլինի։ Իրականում ուզում եմ մենք բոլորս հասկանանք, որ այն, ինչ հիմա մեզ հետ կատարվում է, աղետ է։ Մենք մեզ չպետք է խաբենք, մեզ խաբելով չապրենք։ Սա ռեալ աղետ է, սահմանի վրա մենք գործ ունենք աղետի հետ, թուրքն ինչքան ուզում, այնքան առաջ է գալիս, ոչ ոք նրանց առաջը չի կարողանում պահել, ոչ էլ ուզում են պահել, ոչ էլ մեր պետությունն է պահում։ Արդեն հասել են բնակավայրեր, Ներքին Հանդում հիմա գրեթե մարդ չի ապրում, տարհանել են, Ջերմուկի բնակչության մոտ 30 տոկոսը երևի հետ չի գնա, ընդհանուր առմամբ սահմանային բնակավայրերում բնակիչները մտածում են արտագաղթելու մասին։ Եթե սա մեզ համար նորմալ է, մենք շարունակում ենք այսպես ապրել, մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք անկախ երկիր լինելու։ Իսկ դա նշանակում է, որ կամ պետք է մեզ կոտորեն, կամ էլ գրավեն ու ասեն՝ դուք այդքան չկաք, որ լինեք անկախ։

Ռուսը կամ թուրքը մեղավոր չեն, որ գալիս են մեզ գրավելու, մենք ենք մեղավոր, որ մեզ պաշտպանելու այդ բարոյականությունը չունենք։ Մենք հարմարվել ենք այս իրավիճակին, թվում է, որ այսպես մնալու է, բայց չի մնալու, ամենօրյա աշխատանք պետք է տանել։ Ժողովուրդն ընկել է քաղաքական «բազարների» մեջ, բայց Նիկոլի գնալու պահանջն այսօր քաղաքական հարց չէ։ Քաղաքական հարցերը Հայաստանից վաղուց վերացել են, սա մեր լինել-չլինելու հարցն է։ Այս մարդը չի կարողանում իր գործն անել, պետք է գնա։ Ժողովրդին գցել են նախկին-ներկա դիսկուրսի մեջ, բայց վաղուց այդպիսի հարց չկա։ Ինձ պետք չեն խոստումներ, ինձ հետաքրքիր է այն, որ թուրքը 5-6 ամիսը մեկ անգամ 2-3 կիլիոմետր առաջ է գալիս։ Մի ժամանակ ասում էին՝ մի բողոքեք, մենք բանակցում ենք, որ այս հարցերը լուծենք։ Այն, որ 2-օրյա պատերազմում 200 զոհ ենք տալիս, հետո հրադադար է լինում, այդ հրադադարից հետո մի 10 հոգի պետք է հրաժարական տան։ Բայց և մենք ենք պադոշ, որ համակերպվում ենք, և իշխանություններն են պադոշ, որ այդքանից հետո կարողանում են մարդամեջ դուրս գալ։ Եթե այդպես է, եթե չենք պահում, եթե մտածում ենք՝ ինչ լավ է, որ հրադադար է, այդ տղերքին ինչո՞ւ ենք տանում կոտորում։ Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ մահացած տղաների համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժի կոկորդից բռնած՝ քննադատեցին, հիմա երկու օրում երկու անգամ ավելի մարդ է զոհվել, ոչ ոքի չի հետաքրքրում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ անբարոյականության մեջ ենք ապրում։ Մենք բոլորս հիմա կարծես անբարոյական լինենք, և եթե այսպես շարունակվի, մենք ավելի վատ բաների ենք արժանի, ամեն ինչի արժանի ենք։