Պետք է ավելի խելամիտ լինենք. Պուտինը կոչ է արել ուշադիր լինել պարենամթերքի արտահանմանը

Մանրամասներ
ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադիր հետեւել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման չափորոշիչներին ոչ բարեկամ երկրներ, արտասահման մատակարարումների դեպքում «ավելի խելամիտ» լինել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Գյուղատնտեսական մթերքների եւ պարենային ապրանքների արտադրությունը պետք է զարգանա ավելի արագ տեմպերով՝ տարեկան մինչեւ 3 տոկոս, կարծում է պետության ղեկավարը։

«Հասկանալի է, որ ընթացիկ տարում պարենային գլոբալ դեֆիցիտի ֆոնին մենք պետք է ավելի խելամիտ լինենք արտերկիր մեր պարենային մատակարարումների հարցում։ Մասնավորապես, ուշադիր հետեւենք մեր նկատմամբ ակնհայտ թշնամական քաղաքականություն վարող երկրներ արտահանման չափորոշիչներին»,- երեքշաբթի կառավարության հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ արտադրության ծավալների ավելացումը թույլ է տալիս Ռուսաստանում սննդամթերքի ավելի ցածր գներ ապահովել, քան համաշխարհային շուկայում է։

«Պարենային ինքնաբավությունը Ռուսաստանի իրական մրցակցային առավելությունն է։ Եվ դա պետք է աշխատի մեր քաղաքացիների օգտին»,- ընդգծել է Պուտինը։

Խոսելով հացահատիկի, արեւածաղկի յուղի եւ հանքային պարարտանյութերի շուկաների վրա ազդող արտահանման սահմանափակումների մասին՝ նախագահն ասել է. «Մենք ճիշտ ժամանակին ընդունեցինք այդ որոշումները եւ ճիշտ վարվեցինք»։

Նրա խոսքով, անհրաժեշտ է վերահսկել ոլորտի՝ վառելանյութերով եւ քսանյութերով, սերմերով եւ ցեղական արտադրանքով ապահովումը։ Ամենակարեւոր խնդիրը ժամանակակից սարքավորումների եւ պահեստամասերի առկայությունն է, մատնանշել է նա։

«Կառավարության, մարզերի ղեկավարների եւ ձեռնարկությունների առանցքային խնդիրը Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրում բիզնեսի գործունեությանը աջակցելն է, որպեսզի մեր ֆերմերները, ձկնաբուծությունը եւ ընդհանրապես սննդամթերք արտադրողները բացեն նոր ձեռնարկություններ, ստեղծեն նոր աշխատատեղեր, մեծացնեն արտադրանքը, առաջին հերթին ապրանքների այն խմբերից, որոնք մենք դեռ ստիպված ենք մասամբ արտասահմանից գնել»,- ընդգծել է Պուտինը։

«Կարծում եմ, որ մենք պետք է միանգամայն իրական, հիմնավորված չափորոշիչներ սահմանենք, այն է՝ առաջիկա տարիներին ներքին գյուղատնտեսությունը, սննդամթերք արտադրողները եւ օժանդակող արդյունաբերությունները պետք է հասնեն աճի գերազանցող տեմպերի՝ տարեկան ավելի քան 3 տոկոս: Դրա համար անհրաժեշտ կլինի բազմապատկել մելիորացիայի ծավալը, շրջանառության մեջ ներգրավել գյուղատնտեսական նոր հողատարածքներ եւ ավելացնել դրանց օգտագործման ինտենսիվությունը պարարտանյութերի կիրառման, լայնածավալ մեքենայացման եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է մեծացնել վարկային ռեսուրսների հասանելիությունը»,- ասել է ՌԴ նախագահը։