ԱՄՆ-ն կարգելի Ռուսաստանից ծովամթերքի, օղու և ադամանդների ներմուծումը, նաև շքեղության պարագաների արտահանումը

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ն կարգելի Ռուսաստանից ծովամթերքի, օղու եւ ադամանդների ներմուծումը եւ շքեղության պարագաների արտահանումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ Մեծ յոթնյակը պատժամիջոցներ կկիրառի «ավելի շատ թվով ռուս օլիգարխների եւ նրանց ընտանիքների դեմ»։ 

«Մեծ յոթնյակը նաեւ ուժեղացնում է ճնշումը կոռումպացված ռուս միլիարդատերերի վրա: Մենք ցուցակում ավելացնում ենք օլիգարխների եւ նրանց ընտանիքների նոր անուններ եւ ուժեղացնում ենք Յոթնյակի երկրների միջեւ համակարգումը՝ բացահայտելու եւ գրավելու նրանց շահույթը»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ վերջիններս աջակցում են Պուտինին, գողանում ռուս ժողովրդից եւ իրենց փողերը թաքցնում այլ երկրներում։

«Նրանք կլեպտոկրատիայի մի մասն են, որը գոյություն ունի Մոսկվայում, եւ նրանք պետք է կիսեն այդ պատժամիջոցների ցավը»,- ասել է նա։

Բայդենը նշել է, որ կարգելվի նաեւ ծովամթերքի, օղու եւ ադամանդի ներմուծումը ՌԴ-ից։

«Մենք նաեւ պատրաստվում ենք նրանց համար դժվարացնել մեր երկրում արտադրված բարձրորակ ապրանքների գնումը՝ արգելելով շքեղության պարագաների արտահանումը։ Եվ սրանք վերջին քայլերը չեն, որ պատրաստվում ենք անել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։