Սերժ Սարգսյանը կարողացել է ճիշտ ընկեր ընտրել

Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը բազմաթիվ այլ օլիգարխների համար, որոնք կայացել և միլիոնատեր են դարձել Քոչարյանի իշխանության տարիներին, կարող է բարոյական դաս համարվել

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՖՖ նախագտահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի ուսանելի հայտարարություն արեց երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Հայրապետյանի խոսքով` Սերժ Սարգսյանը իր լավ ընկերն է, եղել և մնում է այդպիսին, իսկ նրանք, ովքեր երրորդ նախագահին վատ ընկեր են համարում, պարզապես չեն ճանաչում նրան:

«Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։ Որպես տղամարդ` ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ. դա ինձ համար պատիվ է։ Ցանկացած նորմալ տղամարդու համար, որը երբևիցե շփվել է Սերժ Սարգսյանի հետ, հպարտանում է և կհպարտանա»,- հայտարարել է Հայրապետյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ամենամեծ հեղինակություն ունեցող ղեկավարն է եղել մեր երկրում: Ռուբեն Հայրապետյանի հանրային կերպարը երբեք լուսապայծառ և անբիծ չի եղել:

Սակայն անկախ նախկինում նրա ցուցաբերած վարքագծից` պետք է ընդունել, որ այս պահին Հայրապետանի  կեցվածքն առնվազն հարգանքի է արժանի: Հանուն արդարության պետք է նշել, որ նա ամեն դեպքում ունեցել է նաև կարևոր ներդրում` Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում, ինչպես նաև բարեգործական աշխատանքներ է կատարել Արցախում, որը հատուկ գովազդի թեմա չի էլ դարձել: 
Ակնհայտ է, որ այժմ Ռուբեն Հայրապետյանը թիրախավորված է. հնարավոր է, որ նա մոտ ապագայում կձերբակալվի, մեծ է հավանականությունը, որ կորցնի նաև իր հարստության մի մասը:

Այսքանով հանդերձ, ի տարբերություն նախկիներին առաջին պատեհ առիթով մոռացած և Նիկոլ Փաշինյանի թևատակերին տաքուկ ծվարած մի շարք այլ օլիգարխների, Ռուբեն Հայրապետյանը իրեն ուղղակի տղամարդավարի է պահում և ու «չի քցում» Սերժ Սարգսյանին: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ժամանակին անգամ պատժել էր Հայրապետյանին` Հարսնաքարի հայտնի միջադեպից հետո նրան զրկելով ԱԺ պատգամավորի մանդատից:
Պետք է նկատել, որ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի` Սերժ Սարգսյանը կարողացել է ճիշտ ընկեր ընտրել, որովհետև իշխանության ղեկին եղած ժամանակ, որպես կանոն, ընկերների պակաս չի զգացվում, և այդ պահին դժվար է լինում տարբերել իրական ընկերոջը կեղծ ընկերոջից: «Ընկերները», որպես կանոն, անհետանում են փառք ու իշխանություն կորցնելուց հետո:

Այս տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանի` Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցը բազմաթիվ այլ օլիգարխների համար, որոնք կայացել և միլիոնատեր են դարձել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, կարող է բարոյական դաս համարվել:

Նույն Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը հիմնադրվել է 1998 թվականին` Քոչարյանի նախագահության շրջանում: Ծառուկյանը Հայաստանի թիվ մեկ մեծահարուստ է հռչակվել Քոչարյանի օրոք, նրա կուսակցությունը ևս հիմնադրվել է դարձյալ Քոչարյանի ժամանակ, նրա անմիջական նախաձեռնությամբ: Այսօր, երբ Քոչարյանը բանտում է, Ծառուկյանն ու նրա կուսակցությունը չեն ուզում ավելորդ ռիսկի դիմել. անգամ դատապարտող հայտարարություն չարեցին: 
Նույն Սամվել Ալեքսանյանը, որն այսօր Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի օլիգարխն է դարձել, աճել ու բարգավաճել է նախ Քոչարյանի,ապա նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին:

Նույն Վարդանյանները ժամանակին իրենց հայաստանյան բիզնես կայսրությունը հիմնել են Քոչարյանի իշխանութան օրոք: Միքայել և Կարեն Վարդանյանների լուսահոգի հայրը` Հրանտ Վարդանյանը, իր ամենահայտնի բիզեսը` «Գրանդ քենդի» կոնֆետների արտադրությունը, հիմնել է ՀՀՇ-ական Հարություն Ղարագյոզյանից`Կարամելի Հարութից ձեռք բերված գործարանի տարածքում: Այդ գործարքին մեծապես նպաստել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչի մասին, ի դեպ, Հրանտ Վարդանյանը ժամանակին հրապարակավ արտահայտվել է: 
Բայց այսօր Վարդանյանները ցուցաբերում են զրո վերաբերմունք` Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նույն կերպ են վարվում «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,

«Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրեն, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, էլի շատերը, որոնք, բառիս ամենաուղիղ իմաստով, իրենց առաջին միլիոնները, որոնց հիմքի վրա հետագայում բիզնես-կայսրություններ կառուցեցին, դիզել են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին և շատ լավ գիտեն` առանց այն ժամանակվա նախագահի բարեհաճության, չէին ունենա այն, ինչ ունեն:

Թվարկված մարդիկ` բոլորը, թեկուզ իրենք իրենց համար, պետք է լսեն Ռուբեն Հայրապետյանի խոսքը և ամաչեն իրենցից:

Հանուն արդարության նշենք նաև, որ, օրինակ, Սամվել Մայրապետյանը չվախեցավ գնալ այդ ռսիկին: Չնայած ծանր հիվանդությանը, Քոչարյանի դեմ ցուցմունք չտալու համար նա անգամ բանտ նստեց: Ինչ խոսք, մարդիկ, տարբեր են:   

Նաիրա Բաղդասարյան

hayeli.am