Հայաստանում ոչ մեկ ոչ մեկին չի կարող մեղադրել սխալ լինելու մեջ, քանի որ սխալ են դուրս եկել բոլորը. Ազգային սխալականության շարժում է պետք սկսել

Իրավիճակ
Live24-ը ներկայացնում է

ա

Հայաստանում հիմա ստեղծվել է հանրային համերաշխության համար խիստ բարենպաստ իրավիճակ: Համարվում է որ վիճող կողմերի համերաշխությունը վրա է հասնում երբ կողմերը հանդուրժում են հակառակորդի իրավացի լինելու գոնե տեսական հավանականությունը և օրինակ կազմում են համաձայնության կառավարություն: Ասել է թե՝ համաձայնվում են իրար հետ, ընդունում են իրար տեսակետները: Մեզ մոտ լրիվ հակառակ իրավիճակն է:

Հայաստանի ողջ բնակչությունը բաժանված է տարբեր խմբերի որոնց էս պահին միավորում է միայն մեկ բան՝ նրանք բոլորը սխալ դուրս եկան: Բնակչության մի ստվար զանգված հույսեր կապեց Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ներկա պահին նույնիսկ նրանք ովքեր դեռ հրապարակավ իրեն սատարում են շատ հստակ գիտակցում են իրենց ընտրանու ով լինելը: Կան մարդիկ որ հակադրվելով Փաշինյանին կամ այլ նկատառումներից ելնելով, սատարում էին, օրինակ, Քոչարյան Ռոբերտին: Այս խումբը նույնպես արդեն ոչ մի պատրանք չպետք է ունենա իրենց ընտրանու իրական դերի ու առաքելության մասին: Սերժ Սարգսյանը դե էն գլխից էր ընդունել իր սխալ լինելը ու պրակտիկան ցույց տվեց որ 4 տարվա ընթացքում սխալներն ուղղել չհաջողվեց: Թվում է թե Տեր Պետրոսյանն է ճիշտ դուրս եկել, բայց դա կլիներ խիստ վիճելի նույնիսկ եթե իր բոլոր ադեպտները չսատարեին ու ակտիվ չմասնակցեին 2018 հեղաշրջմանը ու Փաշինյանի իշխանազավթմանը: Անձամբ Տեր Պետրոսյանն էլ մեղմ ասած չէր դատապարտել այդ ամենը:

Ավելի փոքր տրամաչափի քաղաքական գործիչների մեջ էլ հնարավոր չէ գտնել մեկին ով ճիշտ էր: Սխալ էին բոլորը՝ արևմտամետերն ու ռուսամետերը, լիբեռալները ու պահպանողականները, դասականներն ու փողոցայինները, կառուցողականներն ու ռադիկալները: Սխալ էի ես, սխալ էին իմ ընկերները: Չկար մեկը ով ճիշտ բնութագրելով իշխանությանը նույն ճշգրտությամբ կբնութագրեր ընդդիմությանը: Չկար մեկը ով չէր սխալվում աշխարհաքաղաքական հաշվարկներում: Շատերը գիտեին ուր է այս ամենը գնում, չգտնվեց մեկը ով կասեցնելու ուղին գիտեր:

Հետևաբար ստացվում է որ Հայաստանում ոչմեկ ոչմեկին չի կարող մեղադրել սխալ լինելու մեջ քանի որ սխալ են դուրս եկել բոլորը: Ոչմեկ չի կարող անսխալականության դրոշակը վերցնի ու պախարակի մեզ բոլորիս միավորող սխալականությունը: Թարսի պես դա միակ բանն է որ իրոք բոլորիս է միավորում, բայց գոնե տեսականորեն այն կարող է խթանել բովանդակային դիսկուրսի ձևավորմանը: Մեր միասնականության հիմքում պետք է լինեն մեր անհատական կերած *ա*երը: Ազգային սխալականության շարժում է պետք սկսել:

Չնայած նման շարժում արդեն 1700 տարի է կա Հայաստանում, ցավոք միացողներն են շատ քիչ:

Արթուր Դանիելյան