Ռուսաստանը դեմ չէ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների ընդլայնմանը. Էրդողան

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը դեմ չէ «Խաղաղության աղբյուր» թուրքական ռազմական գործողության ընդլայնմանը դեպի սիրիական Քոբանի քաղաք: Թուրքիան Սիրիայում գործողություն է սկսել հոկտեմբերի 9-ին՝ նպատակ ունենալով վերացնել քրդական կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Մինչև հոկտեմբերի 13-ը, թուրքական զորքերը իրենց վերահսկողության տակ են առել Ռաս-Էլ-Աին և Թել-Աբյադ քաղաքները:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում:

«Դեսպանության միջոցով մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը դրական է վերաբերվում Քոբանիի գործողությանը: Կարծում եմ, որ խնդիրներ չեն ծագի»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ ներխուժել քրդերի կողմից վերահսկվող Մանբիջ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն, իբր, խոստացել է «մաքրել» այդ քաղաքը քրդական կազմավորումներից, սակայն չի կատարել խոստումը:

«Բայց Թուրքիան այնտեղ չի մտնի, իսկական արաբ տերերը կմտնեն այնտեղ, իսկ մեր նպատակն է ապահովել նրանց անվտանգությունը»,-ասել է Էրդողանը: