Ռուսաստանը հիմնախնդիր է, բայց մենք չենք վախենում. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը, որպես պետություն, չպետք է դիտվի միայն Ռուսաստանի հետ առճակատման պրիզմայով

Ռուսաստանը հիմնախնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ, եթե կենտրոնանանք վախի վրա, ապա կմոռանանք ամեն ինչ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվելու ժամանակ:

Նրա խոսքերով` 2008 թ. ողբերգական իրադարձություններով այժմ դժվար է վրացիներին վախեցնել:

«Ռուսաստանը հիմնախնդիր է, բայց մենք չենք վախենում, որովհետև եթե կենտրոնանանք վախի վրա, ապա կմոռանանք ամեն ինչ և կսկսենք մտածել միայն այդ մասին: Դա սխալ ուղի է, քանի որ այդպես երկիրս չի կառուցվում և զարգացման հնարավորություններ ի հայտ չեն գալիս: Մենք կենտրոնանում ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամակցության, ինչպես նաև երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա:

Այսօր Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքը, բայց կգա օրը, և մենք կվերադարձնենք այդ շրջանները: Եվ որ ամենակարևորն է ՝ մենք միավորվելու ենք բռնազավթված  տարածքներում ապրող մարդկանց հետ»,- ասել է նախագահը:

Վրաստանի նախագահը նշել է, որ Վրաստանը, որպես պետություն, չպետք է դիտվի միայն Ռուսաստանի հետ առճակատման պրիզմայով:

«Վրաստանը գոյություն ունի որպես անկախ պետություն, որը ցանկանում է միանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, որն ունի իր արտաքին և տնտեսական քաղաքականությունը: Ռուսաստանը չի որոշում մեր ապագան կամ մեր գոյությունը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: