ԵՄ ԱԳ նախարարները Թուրքիային կոչ են արել դադարեցնել գործողությունը Սիրիայում

Եվրամիության 28 երկրների ԱԳՆ ղեկավարները  կոչ են անում անցկացնել անդամ երկրների միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպում

Եվրամիության անդամ երկրները Թուրքիային կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ դուրս բերել զորքերն այդ երկրից։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարությունում, որի նիստը տեղի է ունենում երկուշաբթի Լյուքսեմբուրգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Խորհուրդը կրկին համառորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել զորքերը»,- նշվում է դրանում։

 Եվրամիության անդամ երկրները պայմանավորվել են նաեւ համակարգել Թուրքիայի զենքի մատակարարման քաղաքականության համակարգումը՝ Սիրիայում ռազմական գործողության հետ կապված։

«Անդամ պետությունները պարտավորվում են ամուր ազգային դիրքորոշում որդեգրել Թուրքիային զենք մատակարարելու իրենց քաղաքականության հարցում, ներառյալ չափանիշների կոշտ կիրառումը տարածաշրջանային կայունության հանդեպ։ (ԵՄ) Խորհրդի համապատասխան աշխատանքային խումբն այս շաբաթ ավելի ուշ կհավաքվի այս հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքերի համակարգման եւ դիտարկման համար»,- նշվում է դրանում։

Եվրամիության 28 երկրների ԱԳՆ ղեկավարները  կոչ են անում անցկացնել անդամ երկրների միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար՝ ԱՄՆ գլխավորությամբ, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված։

«Շտապ կարգով անհրաժեշտ են միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետագա ջանքերը միակողմանի ռազմական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։ Խորհուրդը կոչ է անում խորհրդակցություն անցկացնել «Դաիշի» (ԻՊ արաբերեն անվանումը) դեմ միջազգային կոալիցիայի նախարարների մակարդակով՝ դիտարկելու հարցը, թե ինչպես շարունակել ջանքերը սույն համատեքստում»,- նշվում է դրանում։

Բացի այդ, Եվրամիության անդամ երկրները համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ Անկարայի հանդեպ սահմանափակիչ միջոցներ մտցնելու համար՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) հորատման աշխատանքներ կատարելու առնչությամբ։

«Խորհուրդը,  հենվելով արդեն կատարված նախապատրաստական աշխատանքի վրա, համաձայնացրել է շրջանակային ռեժիմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ սահմանափակիչ միջոցներ մտցնելու համար, որոնք պատասխանատու են Արեւելյան Միջերկրածովում անօրինական հորատում կատարելու համար կամ հանցակից են այդ գործունեությանը։ Խորհուրդն առաջարկում է (ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության) եւ Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցչին օպերատիվորեն ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- նշվում է դրանում։