Սթափվիր, քանի ուշ չէ

Մի քանի օրից Արցախի անկախության օրն է, բայց Ռոբերտ Քոչարյանը շարունակում է կալանավորված մնալ

Մի քանի օրից Արցախի անկախության օրն է, բայց Ռոբերտ Քոչարյանը շարունակում է կալանավորված մնալ։ Ինչպես Ալեքսան Մանասյանն է բնորոշել Ռոբերտ Քոչարյանին, չկա երկրորդ մարդը, ով Արցախի պետականաշինության գործում այդքան ավանդ է ունեցել, որքան Ռոբերտ Քոչարյանն է։ Սրանք լոկ խոսքեր չեն, այլ պատմական փաստերն են այդ մասին վկայում։ Ստեփանակերտը գնդակոծվում էր, երբ Ռոբերտ Քոչարյանն այնտեղ իշխանություն վերցրեց, հանձնեց , երբ արդեն ազատագրված էին յոթ տարածքներն ու միջանցքը,Արցախի տնտեսությունը թռիչքաձեւ աճեր արձանագրեց, որից հետո Ռոբերտ Քոչարյանը նույն պատկերը պրոյեկտեց Հայաստանում, նրա պաշտոնավարման տարիները նշանավորվում էին տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներով։

Նա կարեւոր դիմակայություն դրսեւորեց իր նախորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի վերաբերյալ ծրագրի դեմ, ինչը փորձեցին իրագործել նաեւ տասը տարի հետո։ Ռոբերտ Քոչարյանը հակառակ նախապես պլանավորած սցենարի հենց այս մտավախությամբ իշխանությունը չվերադարձրեց Տեր-Պետրոսյանին՝ հասկանալով, թե դա ինչ կարող է արժենալ Արցախի ու Հայաստանի համար։ Ու ահա, եկել հասել են մի կետի, երբ այս մարդուն ներկայացնում են ազգի թշնամի։ Նախկին իշխանությունների թեթեւ ձեռքով 
հասարակությունը դեռեւս տասը տարի առաջ տրամադրվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ, իսկ այսօր էլ Փաշինյան-Տեր-Պետրոսյան դուետի վրեժն է իրագործվում ընդդեմ Քոչարյանի։ Սրանից վատ բոլթոնյան ծրագիր, սրանից վատ գոգոլյան ծրագիր դժվար է պատկերացնել, երբ այսքան նսեմացվում է մի մարդ, ով եթե ոչինչ էլ չէր արել, բայց Արցախի պետականաշինության հարցում իր ավանդի շնորհիվ արժանի է չնչին հարգանքի։ Եւ, ի վերջո, ինչպես մի առիթով Հրանտ Բագրատյանն է նկատել նախագահին ձերբակալելը նշամնակում է ունենալ պաշարված ամրոց երկրիդ ներսում, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում նախագահի ձերբակալություն, դա որոշակի ներվ ու ագրեսիա է երկրիդ գլխին։ Այնպես որ ոչինչ չարած եւ անգամ բանակում չծառայած վարչապետ, սթափվելու ժամանակն է։ Քոչարյանի ձերբակալության խայտառակությունից հետո այլեւս որեւէ ձերբակալությամբ չես զարմացնի, առավել եւս դա չես կարող որպես քո վարկանիշի փրկագին օգտագործել։

Անի Սահակյան, գրում է hayeli.am