Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությունը Նիկոլ Փաշինյանի վերջին փրկօղակն է` մի քանի ամիս ձգելու իր իշխանությունը

Նա վստահ է, որ քանի որ իրենք սենսացիայի էֆեկտը հանեցին, իրենք էլ չեն կարողանալու Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ Ամուլսարը մարսեցնել

«Նման քաղաքական որոշում եղել է մինչև Ամուլսարի հայտնի պատմությունները: Ես ոչ միայն վստահ եմ, այլ գիտեմ դրա մասին: Ես շատ բաներ գիտեմ, որոնք տեղի են ունենում մեր երկրում, կարողանում եմ համադրել փաստեր, տեղեկություններ և հանգել ճիշտ վերջնարդյունքի: Ամուլսարի այս ամբողջ աղմուկը պետք էր ծածկադմբոց անել ինչ-որ մեկ այլ սկանդալային գործով: Դա պատրաստվում էր Մարտի 1-ի հետ կապված BBC-ի հայտնի, խայտառակ հոդվածով, և իշխանությունները պատրաստվում էին ձերբակալել Սերժ Սարգսյանին Ամուլսարի պրոցեսին զուգահեռ, որ ժողովուրդը ուրախանա, շեղվի, իրենք էլ Ամուլսարը մարսեն»,- անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության խնդրին` 24News-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նկատում է, որ քանի որ իրենք բացահայտեցին այդ պլանը, շերտ-շերտ վերլուծեցին գործընթացը և ասացին, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է նստել, այդ պլանը խափանվեց:«Այո, թող նստի, որ էլ Նիկոլ Փաշինյանը փրկօղակ չունենա, որ ժողովուրդը հասկանա, որ Ռոբերտը նստած է, Սերժն էլ է նստած, բայց իրենց խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ մեծանում են: Ժողովրդի համար Սերժ Սարգսյանը պատրաստ էր նստել, այո»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա վստահ է, որ քանի որ իրենք սենսացիայի էֆեկտը հանեցին, իրենք էլ չեն կարողանալու Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ Ամուլսարը մարսեցնել:

«Անորոշ ժամանակով հետաձգվել է այդ որոշման իրականացումը, քանի որ այդ պահին նրանք չկարողացան «թալանչիներ» օպերացիան իրականացնել: Կսպասեն մեկ այլ առիթի: Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությունը Նիկոլ Փաշինյանի վերջին փրկօղակն է` ինչ-որ մի քանի ամիս ձգելու իր իշխանությունը, մի քանի ամիս ավել ժողովրդի ուշադրությունը իրական պրոբլեմներից շեղելու: Նա ուզում էր դա Ամուլսարի ժամանակ օգտագործել, չստացվեց: Կարծում եմ` հաջորդ իր համար ֆորսմաժորային իրավիճակներում նա կարող է նորից դիմել այդ հնարքին»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները` տեսանյութում: