Տավուշում թշնամու առաջախաղացում է սպասվում, որտեղ մեր կորուստները լինելու են շատ էական

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի  մարզերի սահմանային հատվածներում, Երասխում, մոտ ապագայում նաև Տավուշում թշնամու առաջախաղացումն ունի մեկ նպատակ՝ վերցնել այն տարածքները, որոնք Խորհրդային Ադրբեջանի քարտեզով համարում են իրենցը:

«Նման իրավիճակ շուտով սպասվելու է նաև Տավուշում, որտեղ մեր կորուստները լինելու են շատ էական։ Հայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա, կամ կա դիմադրության իմիտացիա։ Այժմ Սև լիճը վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, վերահսկվող բոլոր բարձունքներում այժմ թշնամին է, նույնը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում։ Այժմ նույն գործընթացն Արարատում են տանում՝ Երասխում, մոտ ժամանակներս՝ նաև Տիգրանաշենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով հա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Ինչ վերաբերում է այս համատեքստում իշխանությունների կողմից բանակից պրոֆեսիոնալ կադրերի հեռացմանը, մասնավորապես՝ 3-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, Մեղրիի ու Մեհրաբի զորամասի հրամանատարներին և այլոց, Հայկ Նահապետյանը նկատեց՝ այդ գործընթացը համատարած չէ, պրոֆեսիոնալ կադրերին հեռացնում են թիրախային։

«Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, որը մոտ ժամանակներում լինելու է, իրականացվելու է նաև Տավուշի մարզում։ Հաշվի առնելով, որ Տավուշի մարզի 1990 թվականից առ այսօր Ադրբեջանին սահմանակից բնակավայրերն ունեն խրամատային պաշտպանություն և այդ հատվածները թշնամուն հանձնելուց, չի բացառվում, որ լինի դիմադրություն, իսկ Գրիգորի Խաչատուրովն ունի մեծ հեղինակություն ոչ միայն 3-րդ բանակային կորպուսի հրամկազմի մոտ, այլև տեղի բնակիչների շրջանում։

Գրիգորի Խաչատուրովին պաշտոնից հեռացրել են՝ հաշվի առնելով, որ ինքը կարող է Տավուշում որոշակի տարածքների հանձնման ժամանակ դառնալ դիմադրության խորհրդանիշ, ավելին՝ կազմակերպիչ, և այդ գործընթացն ուղղակի ձախողել, ահա թե ինչու նրան հեռացրեցին։ Մեհրաբի զորամասի հրամանատարին ևս, նույնը վերաբերում է նաև Մեղրիի զորամասի հրամանատարին։ Իշխանությունները փորձում են տարածքների հանձնմանը խոչընդոտող բոլոր գործոնները վերացնել»,- եզրափակեց ռազմական փորձագետը։