ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը կարևոր նշանակություն պետք է ունենա ՀՀ-ի համար

ԱՄՆ-ի համար բարձրանում է Վրաստանի և Ադրբեջանի դերը

 Եվրոատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, Բրիտանական Լեսթերի համալսարանի անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ Վաշինգտոնում հակաթուրքական արշավի հետևում առկա է նախևառաջ կոմերցիոն հաշվարկ՝ ի պաշտպանություն սեփական ռազմաարդյունաբերական համալիրի շահերի։

Նա, Tert.am-ի հետ զրույցում վերլուծելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հակաթուրքական օրինագծի ընդունման փաստը, նշեց, որ եթե չկանխվի Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերումը, ապա ըստ ամերիկյան կողմի, գործարքը կարող է նախադեպ դառնալ ԱՄՆ այլ դաշնակիցների համար՝ ձեռք բերելու ոչ ամերիկյան զինատեսակներ նույն Ռուսաստանից կամ Չինաստանից։ 

 -Պարո՛ն Աբրահամյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը: Ովքե՞ր են կանգնած այս օրինագծի հետևում, ի՞նչ նպատակ ունեն նրանք:

-Նախ պետք է արձանագրել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունված այս ակտը օրինագիծ չէ և օրենքի ուժ ունենալ չի կարող (non-binding), սակայն սա հստակ կոչ և մտահոգության արտահայտում է, որն արտացոլում է թուրք-ամերիկյան կնճռոտ ու մշուշոտ ապագան։ Այն ավելի շատ ԱՄՆ կառավարության դիրքորոշման հորդորանքի ժեստ է հանդիսանում և Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշման լրացուցիչ քաղաքական-հոգեբանական բաղադրիչ։ Այն, ըստ էության, հանդես է գալիս որպես օրենսդրական մարմնի (այս պարագայում հենց Ստորին Պալատի) աջակցություն՝ պաշտպանության քարտուղար Շանահանի՝ թուրքական իշխանությունների նկատմամբ հնչեցված, որոշ փորձագետների կողմից որպես վերջնագիր ներկայացվող պահանջին՝ առ այն, որ Թուրքիային մինչև հուլիսի 31-ը ժամանակ է տրվում հրաժարվել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերից։

Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկության, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը փաստորեն դադարեցրել է Lockheed Martin ընկերության կողմից իրականացվող F-35 նորագույն կործանիչների ծրագրին Թուրքիայի մասնակցությունը, ինչը նշանակում է, որ Անկարան Ռուսաստանից ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու դեպքում կզրկվի կործանիչներից։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ «անհանգստություն արտահայտելու» այս ակտի մեջ առկա է թերևս մեկ վտանգավոր պահ թուրք-ամերիկյան բարդ հարաբերությունների համար։ Այնտեղ շոշափվում է ԱՄՆ-ի կողմից «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով դիմագրավելու» մասին օրենքի (Countering America’s Adversaries Through Sanctions Act) կիրառումը Թուրքիայի նկատմամբ՝ C-400-ները ձեռք բերելու պարագայում:

Դրա կիրառման դեպքում առնվազն որոշ ոլորտներում Թուրքիան կդասակարգվի ԱՄՆ «հակառակորդ» երկրների շարքում։ Վերոնշյալ 231-րդ դրույթը ենթադրում է, որ նախագահ Թրամփը իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել այն երկրի նկատմամբ, որը Ռուսաստանից զենք ձեռք կբերի։

Հիշեցնենք սակայն, որ ԱՄՆ կառավարության կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառումն առաջին դեպքը չէ և չի լինի թեկուզ հենց զենք-զինամթերքի ձեռք բերման համատեքստում։ ԱՄՆ-ը զինտեխնիկա, ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ժամանակին ընդունել է Կիպրոսյան դեպքերից հետո՝ 1974 թվականին։ Ճիշտ է, մի քանի տարի անց, հաշվի առնելով ԽՍՀՄ-ի կողմից մեծացող սպառնալիքները, այդ պատժամիջոցների հիմնական մասը հանվել է, սակայն որոշ ոլորտներում դրանք ուժի մեջ են առ այսօր՝ չնայած, որ պաշտոնապես Թուրքիան թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ (NATO-ի անդամ է 1952-ից) հարթակներում հանդիսանում է ԱՄՆ դաշնակիցը։ Նշենք միայն, որ 1974-ի պատժամիջոցների հետևանքը Թուրքիայի ռազմատեխնիկական մոդեռնիզացիայի և պաշտպանական ոլորտներում զգացվում է մինչ այսօր։

Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են կանգնած այս ակտի հետևում, ապա պետք է շեշտել, որ նախագծի հեղինակների ու համահեղինակների թիվը անցնում է 20-ը՝ հիմնականում Ստորին Պալատի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, սակայն այն երկկուսակցական է՝ հետևաբար արտահայտում է ԱՄՆ օրենսդիր երկու հիմնական թևերի մտահոգությունը։ Այստեղ միանշանակ իրենց դերակատարությունն ունեն հայկական և հունական լոբբիստները, սակայն հիմնական նախաձեռնող ու հետաքրքրված կողմը ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի մաս հանդիսացող առաջատար մի շարք կորպորացիաների լոբբիստ-օրենսդիրներն են։ Օրինակ՝ այս «մտահոգության ակտի» հեղինակ հանրապետական Էնջել Էլիոթը կամ համահեղինակ Մայքլ Մքքոլը և առնվազն ևս վեցը հանդիսանում են Raytheon կամ Northrup Grumman–ի շահերը օրենսդիր մարմնում սպասարկող և առաջ տանող կոնգրեսականներ: Կան մի քանի օրենսդիրներ, որոնք դիրքավորվում են որպես Lockheed Martin ընկերության լոբբիստներ համահեղինակների այս ցուցակում, նաև Boeing ընկերության առնվազն երկու լոբբիստ կոնգրեսականներ։ Ենթադրում եմ, որ Boeing-ն այս թուրք-ամերիկյան ռուսական C-400-ների վերաբերյալ սրացման մեջ ավելի քիչ է հետաքրքրված, քանի որ այն Թուրքիայի հետ համագործակցում է ավելի շատ քաղաքացիական և ավելի քիչ պաշտպանական ու ռազմաարդյունաբերական ոլորտում։ Բացի այդ, Boeing ընկերությունը, ինչպես հայտնի է, American-Turkish Alliance կորպորացիայի համահիմնադիր է, որի լոբբիստները, ըստ էության, նաև պաշտպանում են Թուրքիայի շահերն ամերիկյան քաղաքականության մեջ։

Հետևաբար, այս ընկերությունների համար Թուրքիան հանդիսանում է պաշտպանական արտադրանքի կարևոր սպառող և բնական է, որ վերը թվարկված ընկերությունները չեն ցանկանա, որ որևէ ԱՄՆ դաշնակից և ռազմական պատվիրատու փոխի իր պաշտպանական արտադրանքի արտադրողին, քանի որ Թուրքիայի օրինակը, եթե այն չկանխվի, ըստ այս ամերիկյան կողմի, կարող է նախադեպ դառնալ այլ ԱՄՆ դաշնակիցների համար՝ ձեռք բերելու ոչ ամերիկյան զինատեսակներ նույն Ռուսաստանից կամ Չինաստանից։ Հետևաբար՝ Վաշինգտոնում հակաթուրքական արշավի հետևում առկա է նախևառաջ զուտ կոմերցիոն հաշվարկ՝ ի պաշտպանություն սեփական ռազմաարդյունաբերական համալիրի շահերի։

Զուտ ֆինանսական կորուստներից զատ, սրանով մեծանում է ռիսկն առ այն, որ այն տեխնոլոգիաներն ու զինատեսակները, որոնք ԱՄՆ դաշնակիցը ժամանակին ձեռք էր բերել ԱՄՆ ընկերություններից, կարող է հայտնվել ԱՄՆ-ի մրցակից երկրի ձեռքում։ Սա ավելի խորը գնացող վտանգներ կարող է իր մեջ պարունակել, քան զուտ ֆինանսական կորուստը, չնակած որ այս ընկերությունները վաճառում կամ տրամադրում են դաշնակիցներին էքսպորտային տարբերակները: Բայց միևնույն է, արվում է ամենը նմանատիպ ռիսկերը մինիմալին հասցնելու համար, քանի որ նման տեխնոլոգիական արտահոսքի պատճառով ԱՄՆ կառավարությունը կարող է խնդիրներ առաջացնել նաև հենց ընկերության համար։

-Արդեն խոսվում է, որ Պենտագոնն Անկարայի հետ կքննարկի C-400-ի և F-35-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս գործընթացն առնչվում է Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ եռանկյունուն: Որքանո՞վ է Հայաստանի համար կարևոր հետևել այս գործընթացին, հնարավոր սցենարները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի, Հայաստանի վրա:

-ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների աստիճանաբար վատթարացումը կարևոր նշանակություն պետք է ունենա Հայաստանի համար, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է տարածաշրջանային ռազմաքաղաքական կոնֆիգուրացիայի դինամիկային և դրա փոփոխմանը։ Սա, ըստ էության, ԱՄՆ-Թուրքիա դաշնակցային հարաբերությունների «սուր ճգնաժամային» ժամանակաշրջանի հերթական փուլերից մեկն է, որը չի կարող լրացուցիչ ճաքեր չառաջացնել արդեն իսկ բարդ և դաշնակցային հարաբերություններին ակնհայտորեն ոչ համապատասխան միջավայրին։

Թուրքիան կարևոր ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, սակայն Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը մի կողմից, և ԱՄՆ-Թուրքիա շահերի բախման շառավիղի մեծացումը մյուս կողմից հանգեցրել է բարդ իրավիճակի, որը հարթվել չի կարող՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Ավելին՝ արդեն իսկ ամերիկյան առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների կողմից՝ ինչպիսիք են օրինակ RAND Corporation-ը, Atlantic Council-ը, Washington Middle East Policy Institute-ը, Hudson Institut-ը և այլն, որոնք մասնակցում են ԱՄՆ գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության մշակմանը, իրենց ռեփորթներում և անձնական շփումների ընթացքում Թուրքիան դասակարգում են որպես «ոչ հուսալի գործընկեր» կամ «նոմինալ դաշնակից», ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ ռազմավարական պրոյեկտավորումը Թուրքիային նախատեսվածից քիչ է ներառում ԱՄՆ տարածաշրջանային ծրագրային դերակատարության գործընթացների և ֆունկցիոնալ ծրագրավորման մեջ։ Իսկ սա միանշանակ բերում է Թուրքիայի իզոլյացիային, որտեղ իր դերակատարությունն ունի Վաշինգտոնը։  Այս իրականությունն էլ ավելի է բարձրացնում մեր տարածաշրջանում նույն Վրաստանի, նաև Ադրբեջանի դերը Միացյալ Նահանգների համար։