Գիտնականները նշել են երեխաների ճարպակալման հիմնական պատճառներից մեկը

Պարզվել է, որ այն մանկիկները, որոնց երբեք չեն կերակրել կրծքի կաթով, ենթակա են այդ հիվանդության զարգացման մեծ ռիսկի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի գիտնականները վերլուծել են կապը կրծքով կերակրման եւ երեխաների մոտ ճարպակալման զարգացման ռիսկի միջեւ:

Հետազոտողներն ուսումնասիրել են դպրոցական կրտսեր տարիքի երեխաների առողջության վերաբերյալ տվյալները Եվրոպայի 22 երկրներում: 13,7 միլիոն մարդուց գրեթե 400 հազարը տառապում է վերջին աստիճանի ճարպակալմամբ, իսկ ավելորդ քաշ է արձանագրվել յուրաքանչյուր հինգերորդ երեխայի մոտ:

Պարզվել է, որ այն մանկիկները, որոնց երբեք չեն կերակրել կրծքի կաթով, ենթակա են այդ հիվանդության զարգացման մեծ ռիսկի: Միջին հաշվով երկրների մեծ մասում ընտրանքից մանկիկների 77 տոկոսից ավելին կերակրվել է կրծքով: Բացառություն են կազմել Իռլանդիան, որտեղ կրծքով կաթ չի ստացել նորածինների 46 տոկոսը, Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմել է 38 տոկոս, Մալթայում՝ 35 տոկոս:

«Որքան երկար է երեխան գտնվում կրծքով կերակրման վիճակում, այնքան հուսալի է նա պաշտպանված ճարպակալման առաջացումից»,- նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ոչ վարակիչ հիվանդությունների եւ առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Բենտե Միքելսենը:

Նշվում է, որ տարածաշրջանում այդ տիպի կերակրման մեթոդները չեն համապատասխանում ԱՀԿ-ի հանձնարարականներին: Մասնագետները պնդում են, որ նորածիններին անհրաժեշտ է կրծքի կաթով կերակրել մինչեւ վեց ամիս, իսկ այնուհետեւ հարկավոր է մտցնել հավելյալ սնուցում՝ շարունակելով կրծքով կերակրումը մինչեւ երկու տարեկան եւ ավելի ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: