Նախօրեին ՌԴ դեսպանատան դիմաց վրաերթի ենթարկված 38-ամյա անձը մահացել է

Գարեգին Նալբանդյանը, քաղաքապետարանում բաժնի պետ էր

Այսօր՝ մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երեւանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երեւան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո:

 Գ. Նալբանդյանը աշխատում էր Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Իլոնա Դ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NM 101 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո վարորդն ահազանգել էր Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վարորդի ինքնազգացողությունը դեպքի վայրում վատացել էր, եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն էր ցուցաբերել վարորդին, որից հետո տեղափոխել հիվանդանոց։