«Ամուլսարը հանք չի դառնա» գոռալով կտրել են ՌԴ քաղաքացի հանդիսացող գնդևազցու ականջը

Օրերս Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում միջադեպ է գրանցվել. կտրել են գյուղում բնակվողներից մեկի ականջը, մյուսին՝ հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ
քաշքշուկ

Երկու օր առաջ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում միջադեպ է գրանցվել. կտրել են գյուղում բնակվողներից մեկի ականջը, մյուսին՝ հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ: Այս մասին Analitik.am-ին պատմեց Գնդեվազի մի բնակչուհի, ով չցանկացավ ներկայանալ: Նա պատմեց, որ ինքը Գնդեվազի բնակիչ է, առանց անվան է ներկայանալու, քանի որ փոքր երեխա ունի և վախենում է, որ իր ընտանքին կվնասեն:

«2 օր առաջ՝ երեկոյան 22:30-23:00-ի կողմերը փողոցում գոռգոռոցներ ենք լսում, աղմուկ՝ Ամուլսարը հանք չի դառնա, Լիդիան հեռացիր, գոռգոռալով փողոցներում մի խումբ էր շրջում, երկու մարդ փորձում են հանգստացնել՝ ասելով, որ ուշ ժամ է, մարդիկ քնած են, գնացեք ձեր տան առաջ գոռգոռացեք: Գոռացողների ոհմակը, ուրիշ բան չեմ կարող ասել, հարձակվել են այս երկուսի վրա, մեկին էնպես են լխկել որ, մյուսին ծեծել են ու ականջը կտրել: Նրանց հասցրել են Վայքի հիվանդանոց, էնտեղից ասել են՝ շտապ Երևան հասցրեք: Ողջ գյուղը «ներվատրյոպկեքի» մեջ ա: Ում ականջը, որ կտրել են Ռուսաստանի քաղաքացի է»,- ասաց նա, հավելելով, որ ինքը Լիդիանում չի աշխատում, ոչ էլ հանքի հետ կապ ունի, տնային տնտեսուհի է, ու այսօր Գնդևազում այլևս հանգստություն չկա, իսկ այդ խումբը ընկնում ման է գալիս Լիդիանում աշխատողների, ահաբեկում նրանց, ու հենց գիշերով էլ  ման են գալիս:

«Մինչև մահ չլինի, չե՞ն հանգստանալու: Ողջ Գնդեվազը սարսափի մեջ է ապրում»,- ասաց կինը:

Նա նաև նշեց, որ երեկ ևս գյուղում միջադեպ է գրանցվել. խմբերով ման են գալիս գյուղի փողոցները, հատկապես գիշերը ու մարդկանց վախեցնում, գնդեվազցիները վախենում են տներից դուրս գան:

«Էնքան անշնորհք են, հայ չե՞ն, չգիտեմ որտեղից են, չեմ ճանաչում, չգիտեմ խմիչքի ազդեցության տակ են, թե չէ, ձենները գցած գլուխները մի գլուխ գոռում են՝ Լիդիան հեռացիր, Ամուլսարը հանք չի դառնա»,- ասաց նա, նաև նշեց, որ ասում են, որ իրենք են այս երկրի տերը, ինչ ուզեն՝ կանեն, ու ինքը հասկանում է, որ իրենք բնապահպաններ չեն, այլ ուղղորդված են: «Ամենացավալին էն ա, որ էսօր հանցագործն ասում ա, մենք ինչ ուզենք, կարանք անենք, ոստիկանությունն էլա մերը, ոնց ուզենք, կարանք ոստիկանությանն աշխատացնենք, այ քեզ երկիր: Ասա՝ դե գնանք կոտորվենք ազգովի, որ հանցագործն իշխան է դառել էսօր»,- ասաց կինը :

Հարցին, թե ոստիկաններ կա՞ն գյուղում, կինը պատասխանեց,  որ ինքը ոստիկանների չի տեսել. «Ես անուն չեմ տալիս, ես վախենում եմ»,- շեշտեց գնդեվազցին:

Նշենք, որ Analitik.am-ի տեղեկութուններով, ոստիկանությունը տեսանյութեր  է առգրավվել և բերման է ենթարկել 2 երիտասարդի: Ծեծի ենթարկվածները 55-60 տարեկան են, եղբայրներ, սակայն չհաջողվեց կապ հաստատել ոստիկանության հետ՝ պարզաբանում ստանալու համար: