Wall Street Journal-ի անդրադարձը՝ Հայաստանում արտադրվող Yacoubian-Hobbs բրենդի գինիներին

Պարբերականը գրում է, որ գինու արտադրության՝ մեզ հայտնի դեռևս ամենահին վայրը հայտնաբերվել է Հայաստանում 2007թ.-ին

Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը վերջերս 
անդրադարձ է կատարել Յակուբյանների ընտանիքի և աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբսի համագործակցության արդյունքում ստեղծված Yacoubian-Hobbs ապրանքանիշի՝ Հայաստանում արտադրվող գինիներին: 

«Աշխարհի հնագույն գինիների փնտրտուքներում» վերնագրով հոդվածի հեղինակները նշում են 6 երկիր, որտեղ ամենավաղն են զբաղվել գինեգործությամբ, այդ թվում՝ Հայաստանը: 
 
Պարբերականը գրում է, որ գինու արտադրության՝ մեզ հայտնի դեռևս ամենահին վայրը հայտնաբերվել է Հայաստանում 2007թ.-ին: Խոսքը Արենիի 6100-ամյա Արենի-1 գինեգործարանի մասին է: 
 
Այդ վայրից ոչ հեռու ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի գինեգործ Փոլ Հոբսը հայազգի Յակուբյան եղբայրների՝ Վիգեն և Վահե Յակուբյանների հետ համատեղ մի քանի տարի առաջ խաղողի այգի է ձեռք բերել: 
 
Հոբսի կարծիքով՝ այս հեռավոր, լեռնային վայրը իդեալական է զով կլիմայական պայմաններ պահանջող գինու արտադրության համար: 

Ինչպես նշում է պարբերականը, աշխարհահռչակ գինեգործը տարեկան երկու անգամ այցելում է Հայաստան: Նա, օգտագործելով տեղաական խաղողատեսակները, երեք տեսակի գինի է պատրաստում՝ ներառյալ «Ռքածիթելի» և «Արենի»: 

Yacoubian-Hobbs ընկերությունում գինիները պատրաստվում են հիմնականում տեղական խաղողատեսակներից, իսկ խաղողի այգիները գտնվում են Վայոց Ձորի մարզում:

«Վայոց Ձորի այս լեռնային վայրում հրաբխային ծագման ժայռոտ հողերն ու կրաքարը, ինչպես նաև երկար վեգետացիոն շրջանը եզակի պայմաններ են ապահովում նրբահամ գինետեսակների արտադրության համար, ինչպիսին է, օրինակ, հայկական խորհրդանշական «Արենի» կարմիր գինին»,- ասված է ապրանքանիշի կայքում: