«Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ

Հայրենական մեղրագործության էնտուզիաստը. Ջորջ Տաբակյան

Արտերկրից հայրենիք վերադարձած գործարարները շարունակում են իրենց փորձառությամբ, նորարարական մտածելակերպով և յուրահատուկ մոտեցումներով Հայաստանի տնտեսությանը թարմ շունչ հաղորդել:

Հայրենադարձ գործարարներից մեկն էլ Ջորջ Տաբակյանն է, ով ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

11

Ջորջը  Հայաստան է եկել 2011-թ.-ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ:

«Ինձ միշտ էլ շատ հետաքրքիր է եղել մեղրի արտադրությունը, հայկական տարբեր բնակավայրերում ստացվող մեղրի առաջխաղացումը շուկայում: Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել  Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի: Սկզբում մի փոքր դժվար էր. մեղվաբույծները կասկածանքով էին մեզ վերաբերվում, վաճառողները չէին ցանկանում համագործակցել, էլ չեմ ասում, որ գնորդը չէր հավատում մեր կողմից առաջարկվող մեղրի՝  իրոք էկոլոգիապես մաքուր լինելուն»,- պատմում է նա:

Մեղրը ինքին բավականին թանկ է, և երբ Honey.am-ը առաջին քայլերն էր կատարում, ընկերությունը ստիպված էր մեղրը վաճառել գրեթե ինքնարժեքով: Այդ ժամանակ գերխնդիրը գնորդի կողմից վստահության արժանանալն էր և դրա արդյունքում շուկայում կայուն դիրք գրավելը:  Հիմա՝ գործունեության մեկնարկից երեք տարի անց, ընկերությունը բավականին մեծ հաջողություններ է գրանցել. այն համագործակցում է խոշոր խանութների ցանցերի հետ՝ առաջարկելով տարեցտարի ընդլայնվող անկրկնելի համերով մեղրի տեսականի, իսկ արտադրանքը  բավականին ճանաչված է դարձել: Այս պահին ընկերության հետ համագործակցող մեղվապահները աշխատում են Արփի Լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի, Հայթաղի տարածքում, իսկ Honey.am ապրանքանիշի ներքո  ներկայացված մեղրերից յուրաքանչյուրը կրում է մեղրի ստացման վայրի անվանումը:

12

«Բնականաբար, առաջնային խնդիր էր նաև արտահանումը, քանի որ ամբողջ աշխարհում բնական, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի մեծ պահանջարկ կա, և մեր մեղրը այդ պահանջներին ամբողջությամբ համապատասխանում է: Այս առումով շատ կարևոր էր մեր մասնակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն,-խմբ.) կողմից համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրին, որտեղ հաղթող ճանաչվեցինք և կազմակերպիչների ֆինանսական ներդրման շնորհիվ անվճար ստացանք օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ»,-պատմեց Ջորջը և հավելեց, որ ծրագրի շրջանակում, մյուս հաղթողների հետ միասին, իրենք մեկնել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և մասնակցել  Bio OST օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսին, և ինչը ամենակարևորն է՝ արտահանման վերաբերյալ պայմանագիր կնքել Գերմանիայում գործող բացառապես օրգանական սննդի վաճառքով զբաղվող խանութների ցանցի հետ:

Ջորջի հետ մեր հանդիպումն ավարտվեց՝ խոսելով ապագայի պլանների մասին և դեռևս մշակումների փուլում գտնվող անմոռանալի համով մեղրից պատրաստված կրեմը համտեսելով: Մեր զրուցակիցը նշեց, որ ընկերությունն արդեն պատրաստ է առաջ քայլելու՝ մեծացնելով արտադրությունը և խորացնելով համագործակցությունը թե՛ Բանկի, թե՛ գերմանական կողմի հետ՝ համոզված լինելով, որ դրանով ավելի լայն դռներ կբացվեն դեպի եվրոպական շուկա:

Աղբյուրը՝ 168.am