Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում․ մեքենաներ են բախվել․ «BMW»-ն մեջտեղից կիսվել է․ կա 3 զոհ, 5 վիրավոր

Մանրամասներ
4

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen»  ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։
Պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկություների վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել  է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին , մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։

Աղբյուրը՝ սկզբնաղբյուրում։