ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին

Մանրամասներ
Ալեքսանդր Ռար

ԵՄ-ը ցանկանում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը, որը շատ առումներով՝ քաղաքական, տնտեսական, դիմակայելու է չինական նախագծին կամ չինական գաղափարին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ ակտիվացման քաղաքականությանը:

Պարո՛ն Ռաար, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ռուսական «Իզվեստիա»-ին ասել է, որ Հայաստանը կարող է դիմել Եվրոպական միությանն անդամակցելու համար։ Այս հայտարարությունը նա արել է օրեր անց այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի խորացման մասին բանաձևը։ Ինչպե՞ս կգնահատեք այս վերջին զարգացումները։

Հայաստանը մի քանի տարի առաջ ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն վերջին տարիներին չի դիտարկվել որպես ԵՄ-ին անդամակցելու հավանական թեկնածու։ Դա փոխվում է կամ փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանն սկսեց իրեն հեռու պահել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական միությունից և հատկապես Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, որտեղ ԵՄ-ն կրկնապատկել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և հետխորհրդային տարածքում Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը։

ԵՄ-ը, կարծես, իսկապես շահագրգռված է շատ սերտ աշխատելու Հայաստանի հետ, որպեսզի այս երկրի հետ ստեղծի յուրահատուկ գործընկերություն՝ Ռուսաստանի հարևանությամբ, որպեսզի ամրացնի իր դիրքերը Կովկասում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչպես նաև առաջիկա մի քանի տարիների ընթացքում շարունակի ընդլայնվել՝ կառույցում ներառելով Հայաստանին, ինչպես նաև այլ երկրների:

Իսկ ի՞նչ եք կարծում, որո՞նք են դրա հետևանքները։

Ես մտավախություն ունեմ, որ դրա հետևանքները կլինեն լարվածության խորացումը Կովկասում, քանի որ այնպիսի երկիր, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է, չի ասոցացվի ԵՄ-ի հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ Բաքվի և Բրյուսելի միջև հսկայական լարվածություն կա։ Նաև Ռուսաստանը, անկախ նրանից ուզում ենք դա, թե ոչ, դեռ առանցքային խաղացող է կովկասյան տարածաշրջանում: Ավելին, չպետք է մոռանալ Թուրքիային, որը ԵՄ անդամ չէ, սակայն ունի իր արտաքին քաղաքական և անվտանգության օրակարգը նաև Հարավային Կովկասում, ինչը չի կարելի անտեսել։ Եվ դա կարող է հանգեցնել նաև Թուրքիայի և Բրյուսելի միջև լարվածության:

Բացի դրանից՝ մենք գիտենք, որ ԵՄ ռազմավարությունը երկկողմ է. մի կողմից՝ ինչպես արդեն ասացի, ԵՄ-ը ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանին հետխորհրդային տարածքում։ Մյուս կողմից՝ ԵՄ-ը մեծապես շահագրգռված է լիբերալ արժեքներն ու ժողովրդավարությունը տարածել Հայաստանի նման երկրներում, որոնք հետխորհրդային տարածք են ներկայացնում: Սակայն նաև կա ավելի թաքնված օրակարգ, որն այնքան էլ թաքնված չէ․ ես կասեի, որ դա փորձ է՝ չեզոքացնելու Չինաստանի «Մետաքսի ճանապարհ»-ի ռազմավարության քաղաքականությունը։ ԵՄ-ը ցանկանում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը, որը շատ առումներով՝ քաղաքական, տնտեսական, դիմակայելու է չինական նախագծին կամ չինական գաղափարին:

Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի իշխանությունները մտածում են, որ ԵՄ-ն առնվազն լիովին կաջակցի Հայաստանում բոլոր գաղափարներին և ժողովրդավարական բոլոր զարգացումներին, տնտեսական զարգացումներին։ Իսկ Հայաստանի ղեկավարությունն արդեն հույսեր, մեծ հույսեր է կապում ոչ թե Ռուսաստանի, այլ Բրյուսելի հետ գործընկերության հետ։ Ուստի, կարծում եմ, որ պետք է լրջորեն վերլուծվեն այն խնդիրները և կոնֆլիկտները, որոնք փոփոխությունների արդյունքում կարող են ծագել Կովկասի քաղաքական ասպարեզում։