Ե՞րբ Apple-ը կթողարկի 20 դյույմանոց MacBook-ը

Մանրամասներ
համակարգիչ

Apple ընկերությունը հնարավոր է՝ 20 դյույմանոց MacBook թողարկի՝ ծալովի էկրանով։ Սակայն, ըստ վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի, դա տեղի կունենա ոչ շուտ, քան երեք տարի հետո։

«Apple-ի միակ ծալովի արտադրանքը՝ մշակման հստակ ժամանակացույցով, 20,3 դյույմանոց MacBook-ն է, որի զանգվածային արտադրությունն ակնկալվում է 2027-ին»,- news.am-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցի իր էջում գրել է Կուոն։

Սակայն սարքի մասին հավելյալ մանրամասներ նա չի հայտնել։ Նոր նոութբուքի էկրանի անկյունագիծն ամբողջությամբ բացված ժամանակ կլինի մոտ 20 դյույմ, սակայն սարքի դիզայնի մասին այլ մանրամասներ չկան։

Ըստ MacRumors-ի, Կուոն երրորդ աղբյուրն է, որը նշում է 20 դյույմանոց MacBook-ի թողարկման հնարավորության մասին: Առաջին երկուսն են էկրանների ինդուստրիայի վերլուծաբան Ռոս Յանգը և կորեական The Elec կայքը, որն աղբյուրներ ունի մատակարարման շղթայում:

Ներկայումս Apple-ի արտադրած ամենամեծ նոութբուքը 16 դյույմանոց MacBook Pro-ն է: Ժամանակին կար 17 դյույմանոց MacBook Pro, որի արտադրությունը դադարեցվեց 2012-ին:

Կուոյի հրապարակած տեղեկության մեջ ևս մեկ հետաքրքիր պահ կա. նա նշել է, որ 20 դյույմանոց MacBook-ը «Apple-ի միակ ծալովի արտադրանքն է՝ մշակման հստակ ժամանակացույցով»: Սա նշանակում է, որ ծալովի iPhone-ներն ու iPad-ները չեն թողարկվի առաջիկայում, եթե ընդհանրապես թողարկվեն: Թեև որոշ աղբյուրներ ծալվող iPhone-ի թողարկումն ակնկալում էին 2026-ին։