Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձը հանրային հեռարձակման բնույթին և իր նախորդ հոդվածի շուրջ ստեղծված իրավիճակին․
«Խորհրդարանն ընտրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները նշանակում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովը:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովն ընտրում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին (ներեցեք ֆրանսերենս):
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նշանակում են գործադիր տնօրենի հաստիքի համար հայտարարվող ու անցկացվող մրցույթների ընտրիչներին (համենայդեպս մինչ այժմ այդպես է եղել և, օրինակ, ինձ ընտրած 5 ընտրիչներից միայն 2-ն էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ):
Ընտրիչներն ընտրում են գործադիր տնօրեններին:
Հանրային հեռարձակողները փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերի 100%-ը, այո, պետության ձեռքում է, բայց հնգաստիճան ընտրական այս լաբիրինթոսը, ի թիվս օրենսդրական այլ երաշխիքների, ներդրված է հենց այն բանի համար, որ Հանրայինի գործադիր տնօրենը հանկարծ ու հանկարծ չլինի պետական որևէ պաշտոնյայի կողմից ուղղակիորեն նշանակված և հանկարծ ու հանկարծ պետական կառավարման ուղղահայացի մասը չկազմի:
Հանրային հեռարձակման կարգավորումներն այնպես են արված, որ լաբիրինթոսի օղակներից որևէ մեկում նվազագույն դիմադրությունն ու մրցակցությունը գործարկում են այդ կարգավորումների մեջ իսկ դրված զսպումների և հակակշիռների մեխանիզմը, ինչի արդյունքում հանրությունը միայն և միայն հավելյալ արժեք է ստանում:
Բայց և այնպես հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում:
Մեզ շարունակում են ընկալել իբրև պետական լրատվամիջոց, պետական կառավարման համակարգի մաս, պետության շարունակություն:
Կառավարությունը ստեղծել է լրատվամիջոցներ, իջեցրել ֆինանսավորում, որպեսզի դրանք ապահովեն պետության ներկայությունը տեղեկատվական դաշտում: Այս կարծրատիպն է, որ պիտի հաղթահարած լինեինք:
Իրականում հակառակն է: Հանրությունը, հասկանալով, որ մասնավոր լրատվամիջոցների աշխատանքը կարող է կրել սեփականատերերի, խոշոր գովազդատուների ու նրանց քաղաքական հովանավորների պատկերացումների ազդեցությունը (ասում եմ որպես մեկը, ով մինչև հանրային գալը մի ողջ կյանք մասնավոր լրատվամիջոցներ է ղեկավարել), հիմնում է իր լրատվամիջոցը և հանձնարարում կառավարությանը հոգալ այդ լրատվամիջոցի ծախսերը իր վճարած հարկերից:
Այլ բան, որ ռադիոյի դեպքում մենք իսկապես կրում ենք տասնամյակներ շարունակ պետական լրատվամիջոց եղած լինելու, ապա քայլ առ քայլ կրկին տասնամյակների ընթացքում հանրայինի վերածվելու ինստիտուցիոնալ սպիները:
Եվս մեկ անգամ ՝ հանրությունը ստեղծում է լրատվամիջոց, պատվիրակում կառավարությանը վերցնել այն իր բալանսի վրա և վճարել դրա ծախսերը:
Սա է հանրային հեռարձակման բնույթը:
Մենք՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներս, այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք, ու մեր ռադիոլսողները դա գերազանց գիտեն, ու, վստահ եմ, որ ում-ում՝ մեր ռադիոլսողներին նախորդ հոդվածս բնավ չի զարմացրել:
Զարմացրել է դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ գործողություններիս իրավական և էթիկական նորմերին համապատասխանելու հարցը Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից քննել խոստանալը, ապա այդ հարցը Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնության ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին վերապատվիրակելը:
Այստեղ, սակայն, դրական բան էլ կա: Ցանկացած ինքնակարգավորում շատ ավելի լավ է, քան ուղղահայաց կառավարման փորձերը՝ անգամ լաբիրինթոսի աստիճաններից մեկում դիմադրության ու մրցակցության պայմաններում:
Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ: Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական ստանդարտների ու հանրային հեռարձակման արժեքների շուրջ մասնագիտական լուրջ և արգասաբեր բանավեճի վերածվելու հեռանկարով:
Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի Հանրային Ռադիո
Հ.Գ. Հոգաչափ շնորհակալ եմ աջակցության հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների և գրառումների համար: Աննկարագրելի տպավորված եմ լրագրողական մեր համքարության արձագանքով՝ իրավիճակը լուսաբանող տասնյակ հրապարակումներով և հաջակցություն սկսված ստորագրահավաքով: Սա միջանկյալ «շնորհակալությունն» էր: Հիմնականը՝ շուտով»:
0Comments