Ազատման զանգվածային դիմումներ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում. «Ժողովուրդ»

Մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքի աղբահանության հետ կապված խնդիրներին եւ ներկայացրել քաղաքում տիրող ամխիթար իրավիճակը։

Վերջերս ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչու են «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի մեքենաները խոտանված, որքան գումար է ծախսվել բեռնատար մեքենաների սպասարկման համար:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել գումարները, ինչպես նաեւ նշել էինք, որ տեղեկություններ ունենք՝ մեքենաների յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, մեքենաների հերթական տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար էլ մեքենաների շարժիչները անսարք վիճակում են:

Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են. ««Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը բեռնատար մեքենաների սպասարկման համար 2022թ. ծախսել է 483.580.645 դրամ: Գումարները ծախսվել են ըստ անհրաժեշտության՝ տարբեր ավտոպահեստամասեր ձեռք բերելու նպատակով, այդ թվում՝ յուղեր-71.379.722 դրամ, պահեստամասեր-122.244.525 դրամ, վերանորոգման ծառայություններ-285.693.880 դրամ, հարակից բաղադրիչներ ու այլ նյութեր-4.262.518 դրամ: Տեղեկացնում ենք, որ հիմնարկի մեքենաները հերթական տեխզննումներն անցնել են սահմանված ժամկետում, իսկ յուղերի ձեռք բերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով. տեխնիկական բնութագրին համապատասխան նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մատակարարը ճանաչվել է հաղթող մասնակից»։

ArmLur.am-ը նաեւ բազմիցս դժգոհություններ է ստացել այն մասին, որ «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ծեծի, հայհոյանքների, ստիպողաբար ավելի աշխատացնելու եւ չվճարելու իր գործելաոճով է հայտնի, ինչի հետեւանքով զանգվածային ազատման դիմումներ են գրում այդ հիմնարկի աշխատակիցները։ Շատերն էլ ազատման դիմումներ չեն գրել՝ վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն. պարզապես աշխատանքի չեն գնում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում