Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի բողոքից հետո Նազիկ Ավդալյանը ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում դարձել է պահեստային մրցավար

Մանրամասներ

Ծանրամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով ընդգրկված է Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցավարների խմբում, Mediamax Sport-ի հետ զրույցում հայտնել է, որ հիմա առաջնությունում պահեստային մրցավար է:

«Տեղափոխել են ռեզերվ, քանի որ ըստ ինձ հասած տվյալների՝ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիան բողոքել է։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի։ Իսկ առհասարակ, ոչ միայն այս հարցի հետ կապված, ես ինչպես հաղթանակներն եմ արժանապատիվ ընդունում, այնպես էլ՝ հարվածները: Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- նշել է Ավդալյանը:

Երեկ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ էին տարածել, որում Մոլդովայում ընթացող ծանրամարտի պատանեկան առաջնության ժամանակ մրցաշարի մրցավար Նազիկ Ավդալյանը կքանստել է Թուրքիայի օրհներգը հնչելու ժամանակ:

Ինչպես գրում է Mediamax Sport-ը, չնայած թուրքական ԶԼՄ-ում Ավդալյանի քայլը որակում են որպես միտումնավոր, սակայն իրականում նա օրհներգի ընթացքում կանգնած վիճակից կքանստել է, որպեսզի պատասխանի որդուց ստացած կարևոր հաղորդագրությանը: