Մասկը Ցուկերբերգի հետ մենամարտից առաջ մարզվել է UFC-ի նախկին չեմպիոնի հետ

Մանրամասներ

Ամերիկացի միլիարդատեր, գործարար, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հնարավոր մենամարտից առաջ մարզում է անցկացրել խառը մենամարտերի մարտիկների, այդ թվում՝ Ultimate Fighting Championship-ի (UFC) նախկին չեմպիոններից մեկի հետ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանը, որը ջիու-ջիցուի սև գոտի ունի։

Բլոգերի խոսքով՝ Մասկը մարզում է անցկացրել իր, խառը մենամարտերի կանադացի մարտիկ և UFC-ի նախկին չեմպիոն Ժորժ Սեն-Պյերի, ինչպես նաև ջիու-ջիցուի ու խառը մենամարտերի մարզիչ Ջոն Դանահերի հետ։ Հատկանշական է, որ Մասկն առաջին անգամը չէ մարզում անցկացնում Ֆրիդմանի հետ։

«Ամեն ինչ պարզապես էպիկական ստացվեց», - գրել է Ֆրիդմանը հրապարակված լուսանկարին կից, ինչին Մասկն արձագանքել է՝ ավելի շատ մարզվելու ցանկություն հայտնելով․

«Շատ լավ էր։ Եզրահանգումն ակնհայտ է․ պետք է ավելի շատ մարզվեմ»։

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների 52-ամյա ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի 39-ամյա ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ:

Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել է Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել է՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:

Մենամարտը կարող է չկայանալ, քանի որ Մասկի մայրը՝ Մեյը չեղարկել է այն, սական UFC-ի նախագահ Դանա Ուայթը կարծում է, որ այն ոչ միայն կկայանա, այլև կլինի պատմության մեջ ամենադիտվածը։ Ինչպես նշել է ՈւայթըTMZ-ի հետ զրույցում, Մասկն ու Ցուկերբերգը «շատ լուրջ են տրամադրված» խառը մենամարտերի (MMA) կանոններով իրար դեմ մենամարտելու հարցում: Նրա կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կհավաքի բարեգործական նպատակներով: