Ես լուրջ կասկածներ ունեմ. Լևոն Զուրաբյան

Մանրամասներ

Ադրբեջանը արդեն սովոր է հարցերը լուծել ուժով ու տեսնում է, որ դա կարողանում է անել ու մարսել, Ադրբեջանը տեսել է, որ իր ուզածին կարող է հասնել ուժի կիրառմամբ եւ միջազգային հանրությունը ոչ մի լուրջ հակազդեցություն չի կատարում՝ ոչ ՌԴ-ն, ոչ Արեւմուտքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ռազմավարական առումով ավելի կարեւոր երկիր է դարձել հիմա, քան Հայաստանը:

«Բոլորն ինչ-որ պլաններ ունեն Ադրբեջանի հետ եւ դրա համար պատրաստ են շատ հանդուրժողական նայել այն ամենին, ինչ անում է Ադրբեջանը: Սա հատկապես վերաբերում է ՌԴ-ն, որովհետեւ ՌԴ-ի ներգրավվածություն ուկրաինական հակամարտության մեջ, շատ բարդացնում է իրենց հնարավորությունները կոշտ ռեակցիայի: Դա կարող է բերել երկրորդ ճակատի, իսկ իրենք հիմա շատ խոցելի են իրենց զգում: Ադրբեջանը, բնականաբար, օգտվում է դրանից»,-ասաց նա:

Զուրաբյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման հետ, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա. «Իհարկե, կա, ես չեմ ցանկանա այդ ռիսկերի պատճառների համար մեղադրել Փաշինյանին, չնայած իր կողմից այդ ռիսկերի կառավարումն ինքնին լրացուցիչ ռիսկ է, բայց փաստն այն է, որ շատ մեծ ռիսկեր կան, հատկապես Հայաստանի համար: Մենք տեսանք, որ Ռուսաստանի ամբողջ անվտանգության համակարգը կարող է փլուզվել, որի հետ Հայաստանը կապված է: Ես վաղուց եմ ասել, որ եթե ՌԴ-ն պարտություն կրի, դա կարող է բերել քաղաքացիական պատերազմի, ինչը մեզ համար շատ վտանգավոր զարգացում է»,-ասաց Զուրաբյանը:

Անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը, որտեղ նրանք կոչ են անում Հայաստանին անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի  սահմաններում լիակատար հրադադարի  հաստատումը, Զուրաբյանն ասաց. «Ես հասկանում եմ՝ ինչ է փորձում անել ՀՀ իշխանությունը. Նրանք փորձում են Վաշինգտոնին դնել մի իրավիճակի առջեւ, որ եթե ԱՄՆ-ի ճնշման ներքո հարցը չի կարգավորվում ՀՀ իշխանությունների ուզածի պես, նրանք մի քիչ անհարման իրավիճակի մեջ են դնում ԱՄՆ իշխանություններին՝ դադարեցնելով այն բանակցությունները, որոնք տեղի են ունենում նրանց հովանու ներքո: Ես շատ ցածր կարծիքի եմ մեր այսօրվա դիվանագիտության այդ դիվանագիտության կարողությունների մասին եւ լուրջ կասկածներ ունեմ, որ նրա պահանջները որեւէ մեկը հաշվի կառնի»: