Եթե ​​պատերազմ սկսվի, Իրանը ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քանի որ խաղադրույքներն այժմ շատ ավելի բարձր են. Foreign Affairs

Մանրամասներ

1

Հեղինակավոր Foreign Affairs հանդեսը հրապարակել է ծավալուն վերծություն՝ «Փոքր երկրներ, մեծ պատերազմ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պայքարը կարող է ավելի լայն ճգնաժամ առաջացնել» վերտառությամբ:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի «վիճելի» (չակերտներ՝ Tert.am) տարածաշրջանի շուրջ Հարավային Կովկասում ստեղծել է գործընկերային հարաբերություններ, որոնք զարմանալի ձևերով հատում են կրոնական, էթնիկ և աշխարհաքաղաքական գծերը», - գրում է հոդվածի հեղինակ Մոհամմադ Այաթոլլահի Թաբարը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան, ինչպես նաև Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը:

Նա նշում է, որ տարածաշրջանի երկու շիա երկրները՝ Իրանն ու Ադրբեջանը, շարունակում են մնալ տարածքի և ինքնության շուրջ տասնամյակներ տևող լուրջ վեճի մեջ:

Թաբարը նկատում է, որ 2020-ի պատերազմից հետո դանդաղ, սակայն ակնահայտորեն սկսել են ի հայտ գալ տարածաշրջանային դերակատարների միջև առկա, սակայն նախկինում քողարկված  լարվածությունները:

«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը, որն ավանդաբար եղել է հակամարտության ամենակարևոր արտաքին դերակատարը, շեղվել է Ուկրաինայի դեմ պատերազմով: Իսկ մինչ այդ Իսրայելը խորացրել է կապերը Ադրբեջանի հետ, իսկ Իրանը սկսել է անհանգստանալ, որ Իսրայելը Ադրբեջանին դարձնում է իր «պրոքսին» (վստահված անձը՝ Tert.am) և այն օգտագործում որպես Իրանի դեմ գործողությունների ցատկահարթակ: 

Վերջին տարիներին Իրանը հետևում էր, թե ինչպես են Իսրայելը և Պարսից ծոցի արաբական միապետությունները սերտացել՝ Թեհրանի նկատմամբ ընդհանուր թշնամանքի պատճառով: Իրանցիներն այժմ վախենում են, որ նմանատիպ դինամիկա է ձևավորվում Իսրայելի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև», - ասվում է հոդվածում:

Հեղինակն այս համատեքստում ընդգծում է, որ հարավից Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների բլոկի և մյուս կողմից Իսրայելի, Ադրբեջանի ու Թուրքիայի բլոկի արանքն ընկնելու ենթադրյալ սպառնալիքը, զուգորդված Իրանում ներքին անկարգությունների հետ, կարող են դրդել Թեհրանին բացահայտորեն Հայաստանի կողմից մտնել հակամարտության մեջ և փորձել ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում: Մինչդեռ Ադրբեջանը, ըստ հեղինակի, կարող է ձգտել զինել և հրահրել անջատողականությունն Իրանի ադրբեջանցիների շրջանում: Նման քայլերը կարող են հանգեցնել էսկալացիոն պարույրի, որը կվտանգի ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և կարող է հանգեցնել ավելի լայն ճգնաժամի, նկատում է Թաբարը:

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ Foreign Affairs-ը նշում է, որ դրա տրամադրման դեպքում Իրանն ու Հայաստանն այլևս սահման չեն ունենա, մինչդեռ Իրանը Հայաստանն ընկալում է որպես Եվրասիայի հետ կենսական կապուղի՝ սպառնալով ռազմական ուժ կիրառել տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխպման դեպքում:

«Վերջին երկու տարվա ընթացքում Իրանի կանոնավոր բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ի պատասխան՝ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Արաքս գետի հյուսիսային կողմում։ Իրանի անհանգստությունն ավելի է սրվել այն տեղեկությունների կապակցությամբ, որ Թուրքիան Ադրբեջան է բերել հարյուրավոր ծայրահեղական վարձկանների Սիրիայից՝ օգնելու 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ», - շարունակում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ 2020 թվականին Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո Բաքուն անսովոր ագրեսիվ տոն է որդեգրել Իրանի նկատմամբ։ Անցած աշնանն Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը հայտարարեց, որ Իրանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել։

«Մենք ամեն ինչ կանենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը և Ադրբեջանի ու ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանի ադրբեջանցիների աշխարհիկ զարգացումը: Նրանք մեր ազգի մի մասն են», -ասել էր Ալիևը: Ադրբեջանում կոչ էին արել անջատել «Հարավային Ադրբեջանը» (նկատի ունեն Իրանի ադրբեջանաբնակ տարածքները՝ Tert.am): Իսկ անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ աքսորված իրանցի ադրբեջանցիների հանձնաժողովը հանդիպել է ադրբեջանցի խորհրդարանականների հետ և քննարկել «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր խորհրդարանի» ձևավորումը:

Իրանական լրատվամիջոցների մեկնաբաններն իրենց հերթին պնդել են, որ Ադրբեջանի շատ քաղաքացիներ, այդ թվում՝ «Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժում» կոչվող խումբը, դեմ են Կովկասում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ազդեցությանը և ցանկանում են կրկին միանալ իրենց իրանական «հայրենիքին»», - գրել է հեղինակը:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը փխրուն է... Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նորից պատերազմ սկսվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, նախկինի համեմատ ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին,  քանի որ խաղադրույքներն այժմ շատ ավելի բարձր են:

Պոտենցիալ սցենարներից մեկում Իրանը կարող է ընտրել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ իրականացնել Ադրբեջանում գտնվող իսրայելական բազաների վրա, ինչը նման է վերջին ամիսներին Իրաքի քրդաբնակ շրջաններում իսրայելական «ռազմավարական կենտրոնների» դեմ իրականացված գործողություններին (Իրաքյան Քրդստանի պաշտոնյաները հերքել են նման բազաների առկայության մասին պնդումը): Այնուհետև, Ադրբեջանն ու Իսրայելը, հավանաբար Թուրքիայի համագործակցությամբ, կարող են ձգտել ապստամբություն հրահրել Իրանում էթնիկ ադրբեջանցիների շրջանում, որն իր հերթին կարող է հրահրել իրանական զինվորականներին ներխուժել հենց Ադրբեջան.

Առայժմ իրադարձությունների նման զարգացումը մնում է զուտ հիպոթետիկ։ Սակայն հիպոթետիկ չէ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը կարող է վերածվել ճգնաժամի, որը կարող է ներքաշել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին (Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի կողմից) և Ռուսաստանին (Հայաստանի և Իրանի կողմից)՝ այդպիսով ևս մի սխալ գիծ բացելով Ռուսաստանի հետ Արևմուտքի անհանգիստ հարաբերություններում և ամրապնդելով Թեհրանի և Մոսկվայի միջև ձևավորվող ռազմական գործընկերությունը:

Լարվածությունը նվազեցնելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եռակողմ բանակցություններ է վարել Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև Ալիևին խնդրել է անհապաղ վերաբացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող առևտրային ճանապարհը՝ հումանիտար աղետը կանխելու համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև երկու առաջնորդների հետ՝ կոչ անելով զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Բայց քանի դեռ միջազգային հանրությունը չի գիտակցել, թե ինչպես երկու փոքր երկրների միջև այս հակամարտությունը կարող է վերածվել համաշխարհային հետևանքներով ճգնաժամի, առաջընթացը անհավանական է մնում», - եզրափակել է հեղինակը: