Մենք շատ պարզ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու. Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի. ԻԻՀ հյուպատոս

Մանրամասներ
ա

Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին:

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ և բազմիցս հայտարարել են` թե երկրների տարածքային ամբողջականությունը, և թե միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն»,-ասաց հյուպատոսը:

Նա հիշեցրեց, որ Իրանի ԱԳ նախարարը ևս շեշտել է՝ ՀՀ անվտանգությունը ԻԻՀ-ի անվտանգությունն է: «Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց Մորթեզա Աբեդին Վարամինը:

Իրանը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տալու տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու այս առնչությամբ գործնական քայլերը՝ հյուպատոսը հույս հայտնեց, որ որևէ երկիր թույլ  չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ: «Հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,-նշեց նա:

Իսկ, թե կոնկրետ ինչպիսի՞ հակազդեցություն՝ հյուպատոսն ասաց, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը կայացավ հոկտեմբերի 21-ին, ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը: