Իրանը զենք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության վրա

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել է, որ այսօրվանից սկսած Իրանը զենք-զինամթերք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության սկզբուքների հիման վրա:

«Այսօրվանից սկսած՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (իրանական միջուկային գործարք) ընդունումից 5 տարի անց բոլոր միջազգային սահմանափակումները, որոնք առնչվում են զենքի արտահանմանն ու ներկրմանը և որոնք մեր երկիրը ենթարկվել է ավելի քան 10 տարի, կավարտվեն: Այսօրվանից սկսած Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք կվաճառի և կներկրի միայն հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության սկզբունքների և կարիքների վրա»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ գրել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել։ Օրեր առաջ այս առթիվ հայտարարություն էր արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ նշելով, որ հոկտեմբերի 18-ից սկսած Իրանը զենք կգնի և կվաճառի ում ցանկանա:

Այսօր ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարֆը ևս անդրադարձել էր էմբարգոյի վերացմանը՝ հայտարարելով, որ «աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակող հարաբերությունների, խաղաղության և անվտանգության համար»: