Ինչ «պագոն» ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, ներում չկա․ Ոչ մի գեներալ չի ներվելու․ Փաշինյան․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Չափազանց կարևոր եմ համարում, որ բոլորով գտնենք այն պատասխանը, թե ինչու պատերազմն այլ ելք չունեցավ՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում։ Այս մասին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սրանք շատ լուրջ հարցեր են։ Արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին այդ ելքով և ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն և իշխանափոխություն տեղի ունենա։ Հիմա փաստեր են ի հայտ գալիս, ինչի արդյունքում այդ հարցերն ինձ մոտ ուժեղանում են»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ պատկան մարմինները պետք է օբյեկտիվ գտնվեն՝ այդ հարցերի պատասխանները գտնելու համար։

«Ոմանք 2020-21 թթ-ին փորձում էին տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և անձամբ ես, ուզում ենք կոծկենք պատերազմի հանգամանքները, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի, իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում, նույն մարդիկ ասում են՝ իշխանությունը մեղքը փորձում է  գցել բանակի վրա։ Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա, հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք ես չեմ հասկանում, հրամանատարներից հրամաններ են եղել, որոնք ես չեմ կարողանում հասկանալ»,-նշեց Փաշինյանը։

Վերջինս այս հարցերի համատեքստում անդրադարձավ նաև Շուշիի անկմանը։

«Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ իշխանությունը Շուշին ծախել է։ Հիմա այդ մասով քրեական գործ է հարուցված, մարդ կա ձերբակալված, հիմա էլ հանդես են գալիս նրանց պաշտպանությամբ։ Հիմա ո՞վ է Շուշին տվել, ես չեմ հասկանում ինչո՞ւ են պաշտպանում, սրեր էին ճոճում պատերազմից առաջ, թե՞ ճշմարտությունը չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը պատերի տակ կանգնեցնելը ու գնդակահարելը։ Հիմա ուղիղ խոստանում եմ՝ այս թեման չի վերջանալու։ Պատերազմի մասին ճշմարության բացահայտման մասին ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է, չկա։ Պատերազմի հաջորդ օրն իմ հրաժարականն էին պահանջում՝ ասելով, թե Շուշին հանձնել ենք, հիմա, երբ հանձնման հանգամանքները բացահայտվում են, ձերբակալվածներ կան, այդ նույն մարդիկ հայտարարություններ են անում, ստորագրություններ են հավաքում։ Մենք են մեղավոր, որ մեր թևերը փռել ենք բանակի վրա, ասել ենք՝ բանակն է, բան չասենք։ Ինչո՞ւ պետք է ներենք ինչ-որ մեկին, ինչ «պագոն» ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, չկա ներում այդ մարկդկանց։ Երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնոդվել, այլ եսիմ որտեղից եկող հրամաններով, սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու»,- ասաց Փաշինյանը։