Մետրոյի կայարաններ և ճոպանուղի. Մեսչյանը հայտնեց առաջիկա ծրագրերի մասին

Գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ մոտավորապես 170 շինարարության թույլատվություն է տրվել

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը՝ նշելով, որ  այդ ընթացքում ճաշակել է և՛ քեն, և՛ ոխ:

Գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ մոտավորապես 170 շինարարության թույլատվություն է տրվել, ինչը նշանակում է, որ Երևանում շատ շուտով ակտիվ շինարարություն կսկսվի, հատկապես բնակելի ոլորտում:

Խոսելով ռազմավարական ծրագրերից Մեսչյանն առանձնացրեց Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագիրը:

«Խոսքն Աջափնյակի երկու կայարանների մասին է։ Մենք չենք ուզում տարածվել և ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետև ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,- ասաց նա:

Մյուս ռազմավարական ծրագիրն ըստ նրա ճոպանուղին է, որը պետք է կապի Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ։

«Ճոպանուղին, ըստ երևույթին, շատ ավելի արագ կհաջողվի իրագործել, քանի որ գումարային առումով այն ավելի համեստ է մետրոպոլիտենի համեմատ»,-ասաց նա:

Մեսչյանի խոսքով բավականին լուրջ ծրագիր կա մունիցիպալ շինարարության հետ կապված, առանձնապես վթարային շենքերում բնակվող մարդկանց տեղափոխելու հարցերում. «Գտել ենք մի քանի հետաքրքիր տարբերակ, մենք կկարողանանք Աջափնյակում այդ խնդրի լուծումը գտնել, ընդ որում խոսքը մի քանի տարվա կտրվածքի մասին չէ, այլ հնարավոր է մոտակա ամիսներին էլ սկսվի այդ գործընթացը»: