Ադրբեջանում կարգելափակվեն ռուսական լրատվամիջոցները

Մանրամասներ

1

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես գիտենք, վերջերս ՌԴ-ում արգելափակվել են ադրբեջանական  որոշ իշխանամետ լրատվամիջոցներ, որոնք ռուս-ուկաինական պատերազմի ողջ ընթացքում հակառուսական քարոզչությամբ էին զբաղված: Դրանցից է Haqqin.az կայքը: Արգելափակումից հետո կայքն ավելի է ուժեղացրել ՌԴ-ի դեմ հակաքարոզչությունը:

Օրերս կայքի լրագրողներից Իլգար Հուսեյնովը հոդված հրապարակեց, որում բարձրացվում է ռուսական լրատվամիջոցները Ադրբեջանում փակելու հարցը: Ադրբեջանցի լրագրողին զայրացրել է հատկապես ռուսական «Կոմերսանտ» թերթի՝ «Ամբողջ չճանաչված երկրի գազազերծումը» վերնագրով հրապարակումը, որում բարձրացվում է Ադրբեջանի կողմից է Արցախի գազազրկման մասին:  Հոդվածագիրը մասնավորապես գրում է. «Կոմերսանտ» թերթը, որը երբեմնի ռուսական առաջատար հրատարակությունն էր, հերթական հոդվածն է հրապարակել Ադրբեջանի հասցեին մեղադրանքներով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ծավալուն հոդվածը նվիրված է սառցակալած Մարիուպոլ, Չեռնիգով, Խարկով և այլ խոշոր քաղաքների գազամատակարարման ընդհատումներին, որոնք առաջացել են Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հետևանքով: Ռուսական լրատվամիջոցները չեն նկատել սառած ու մեռած Մարիուպոլին, այլ հայացքն ուղղել են դեպի Խանքենդի: Պատկերացրեք մեր զարմանքը, երբ պարզվեց, որ «երկիր» հասկացության տակ «Կոմերսանտ» թերթը նկատի է ունեցել Ղարաբաղի ադրբեջանական տարածքի այն մասը, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, բնակեցված ազգությամբ հայ քաղաքացիներով»։

Հոդվածագիրը վրդովված է, որ Երեւանը եւ հայկական սփյուռքը «ամբողջ աշխարհում կազմակերպում են ամոթալի և ավանդաբար ամպագոռգոռ քաղաքական «շոու» գազատարի տեխնիկական խնդիրների «իրական ֆոնի» շուրջ: «Պաշտոնական Բաքուն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կոչ անելով հայկական կողմին դավադրության բարդ տեսություններ չառաջարկել Ղարաբաղ գազամատակարարման տեխնիկական խնդիրների վերաբերյալ ՝ հիշեցնելով, որ խոսքը բարձր լեռնային շրջանի մասին է, որտեղ վթարներն ու ցուրտ եղանակի ժամանակ առաջացած խնդիրները սովորական երեւույթ են։ Այս առումով զարմանալի ոչինչ չկա նրանում, որ «Կոմերսանտ» թերթը նույնպես միացել է հակաադրբեջանական հռետորաբանությանը, որը ուռճացրել են ոչ միայն հայկական, այլեւ ռուսական լրատվամիջոցները»- նեղսրտում է ադրբեջանցի լրագրողը եւ շարունակում.«Ռուսական մամուլը Ուկրաինայում պատերազմի պատճառով սեղմված պետական գրաքննության ամուր ճիրաններում, ներկայումս սուր տեղեկատվական սով է ապրում, և, հետևաբար, պատրաստ է ծծել ցանկացած սկանդալային թեմա, որպեսզի ինչ-որ կերպ շեղի ընթերցողների ուշադրությունը Ուկրաինայից ստացվող ճնշող լուրերից»: 

Հոդվածագիրը զարմանում է Բաքվի «համբերության» ու «տոկունության» վրա, որ մինչեւ հիմա չեն շրջափակել ռուսական լրատվական ռեսուրսները՝ ադրբեջանական տեղեկատվական տարածքը «ստից և ապատեղեկատվության հոսքից պաշտպանելու համար»։ Իսկ «Կոմերսանտը», ըստ հոդվածագրի, վերածվել է «գարշահոտ քարոզչության, կեղծ լուրերի և փաստերի անամոթ նենգափոխման յուրօրինակ կուտակիչի, որը ծառայում է Կրեմլի և նեղ շահերին»։ 

Վերջում հոդվածագիրը հռետորական հարցեր բարձրացնում.«Այսպիսով, միգուցե ժամանակն է, որ Բաքուն վերանայի՞ իր տեղեկատվական քաղաքականությունը։ Եվս քանի՞ վիրավորական և սադրիչ հակաադրբեջանական նյութեր պետք է հրապարակեն ռուսական լրատվամիջոցները, որպեսզի վերջնականապես որոշում կայացվի դադարեցնել դրանց հեռարձակումը մեր երկրում։ Սիմոնյանի աղբակույտերից ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրած անանձնական «վաճառականներից» ադրբեջանցի ընթերցողներն ու հեռուստադիտողները ի՞նչ օգտակար կարող են սովորել մտքի կամ հոգու համար։ Կարծես թե այս բոլոր հարցերը դադարել են հռետորական լինելուց»։

Հաշվի առնելով, որ այս հրապարակումն արվել է ադրբեջանական ամենաիշխանական տեղեկատվական –վերլուծական պորտալում, դժվար չէ կանխատեսել, որ Ադրբեջանում շուտով կարգելափակվեն ռուսական՝ իրենց ոչ ցանկալի լրատվամիջոցները: