Իրանը թույլ չի տա, որ իր սահմանների մոտ դավադրությունների ու դիվերսիաների օջախ գոյանա. Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
ա

Թեհրանում հայտարարել են, որ չեն հանդուրժի Իրաքի վերածումն Իսրայելի կողմից սպառնալիքների աղբյուրի։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լիովին անընդունելի է, որ մեր հարեւաններից մեկը, ում հետ մենք սերտորեն համագործակցում ենք, սպառնալիքի օջախ դառնա Իրանի համար»,- ասել է նա։ «Իսրայելը բազմիցս անվտանգության սպառնալիքներ է ստեղծել Իրաքի տարածքից»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ «իրաքյան Քրդստանի տարածքում գործում են մի շարք հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումներ»։

Նրա խոսքով՝ «Իրանը թույլ չի տա, որ իր սահմանների մոտ դավադրությունների ու դիվերսիաների օջախ գոյանա»։ «Իրանական կողմը սպասում է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը մեկընդմիշտ վերջ տա այս իրավիճակին եւ թույլ չտա իր սահմանների օգտագործումը»,- ասել է նա։

Կիրակի գիշերը իրաքյան Էրբիլը հրթիռակոծության է ենթարկվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ԱՄՆ գլխավոր հյուպատոսության տարածքում։ Ըստ իրանական կողմի՝ հարձակումը պատասխան էր Իսրայելի զինված ուժերի ագրեսիվ գործողություններին, իսկ դրա նպատակը «Մոսադ» իսրայելական հետախուզության  օբյեկտներն էին Իրաքում։ Միաժամանակ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը, թե իսրայելական հետախուզական կենտրոններ են գտնվում Էրբիլ նահանգում։