Ստամբուլում գտնվող Սբ Սոֆիայի տաճարի վրա առաջացած ճաքերը հետագայում կարող են խնդիրներ առաջացնել

Հոդվածում նաև նշվում է, որ Կոստանդնուպոլսի մարգարիտը հանդիսացող այս տաճարին ամրակցված օդափոխիչներն անճաշակ են և չեն համապատասխանում շինության ճարտարապետությանը

Ստամբուլում գտնվող բյուզանդական շրջանի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկի՝ Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի վրա ճաքեր են առաջացել, որի պատճառը, ըստ հետազոտողների, մոտակայքով անցնող տրամվայներն ու մեծ տոննաժ ունեցող բեռնատարներն են, փոխանցում է CNN-ի թուրքական ծառայությունը:

Հետազոտության համար օգտագործվել է գեոռադարային զոնդավորում, որի արդյունքում տաճարի մերձմակերեսային կառուցվածքում հայտնաբերվել են փոքր ճաքեր, որոնք գնալով միանում են առավել մեծ ճաքերին:

Սուրբ Սոֆիա

Ըստ Թուրքիայի մի քանի համալսարանների երկրաբանների կազմած զեկույցի՝ որոշ հատվածներում առկա ճաքերը հետագայում կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջացնող ճաքերի վերածվել, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:

Հոդվածում նաև նշվում է, որ Կոստանդնուպոլսի մարգարիտը հանդիսացող այս տաճարին ամրակցված օդափոխիչներն անճաշակ են և չեն համապատասխանում շինության ճարտարապետությանը:

Նշենք, որ նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճարն այժմ որպես թանգարան է գործում: