Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ մարտի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը հղումով։

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Նրանք կշարունակեն հետագայում էլ կապ պահպանել այս հարցի շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը նաև իր ցավակցությունն է հայտնել Բայդենին Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի մահվան կապակցությամբ։

Նախագահները նաև անդրադարձել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցին և մտադիր են շարունակել համակարգել իրենց գործողություններն առաջիկա օրերին։

Նշվում է, որ Մակրոնն իր «լիարժեք աջակցություն է հայտնել» Զելենսկիին և մանրամասն պատմել է այն լրացուցիչ օգնության մասին, որը վերջերս Ֆրանսիայի Վերսալ քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ Եվրամիությունը որոշել է տրամադրել ուկրաինացի առաջնորդին։