«Հիսուսը նույնպես փախստական էր». Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Հռոմի պապն անդրադարձել է միգրացիայի խնդրին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն իրեն հեռու է պահում Իտալիայի քաղաքական անցուդարձից, անդրադարձել է միգրացիայի խնդրին, գրում է La Repubblica պարբերականը:
«Սեփական անձի կամ ընտանիքի համար ավելի լավ կյանք ապահովելու հույսն է, որ դարերի ընթացքում ստիպել է միլիոնավոր մարդկանց տեղափոխվել և այլ վայրերում հաստատվել: Դա մի բան է, որին Հիսուսը նույնպես ենթարկվել է՝ իր երկրային կյանքի սկզբում Հերովդեսից փրկվելու համար ծնողների հետ Եգիպտոս փախչելով»,- ասել է նա` հավելելով, որ մարդկանց զանգվածային տեղաշարժերը հարստացնում են մշակույթը:
Հռոմի պապի հայրական տատն ու պապը նույնպես գաղթականներ են եղել. 1929թ.-ին նրանք Իտալիայից Արգենտինա են գաղթել: