Ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը. «Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան

Մանրամասներ

ա

hetq.am «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:

Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման 2 պայմանագիր է կնքել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ու Ապարանի համայնքապետարանի հետ, որոնցից առաջինի արժեքը 356 մլն դրամ է (սկզբնապես եղել է 368 մլն, բայց հետո նվազեցվել է), երկրորդինը՝ 287 մլն, այսինքն՝ դրանց ընդհանուր գինը 643 մլն դրամ է:

Տվյալները վերցրել ենք ֆինանսների նախարարության armeps.am գնումների համակարգից: Քանի որ այս համակարգում տվյալները շարունակաբար թարմացվում են, այս պահին armeps.am-ում առկա է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված 4 պայմանագիր, իսկ ընդհանրապես ընկերությունը, նույն կայքի համաձայն, մասնակցել է 14 մրցույթի, որոնցից 4-ում եղել է 2 չափաբաժին, այսինքն՝ եղել է ընդհանուր 18 գնման առարկա: Ընդ որում՝ բոլոր մրցույթները կազմակերպվել են այս տարի: Պայմանագրերից 2-ը շինարարական ընկերությունը կնքել է ՏԿԵՆ-ի հետ, մյուս 2-ը՝ Արթիկի եւ Ապարանի համայնքապետարանների: Դրանց ընդհանուր գինը կազմել է 755 մլն դրամ: