Ադրբեջանն ուզում է որոշի, թե ինչպես մտնի, ինչպես դուրս գա՞․ Չի լինելու այդպիսի բան․ Հայաստանն է որոշում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով. Սա մեզ համար ապաշրջափակման հնարավորություն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ խնդիրը երթուղիների խնդիրն է, որն իր մեջ բավական նրբություններ է պարունակում: Եթե սուվերենության շրջանակներում է դա տեղի ունենում, եւ ՀՀ-ն ասում է, որ պատրաստ է ճանապարհ ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, կներեք, բայց Հայաստանն է որոշում, թե ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը, հակառակ դեպքում ի՞նչ սուվերենություն: Այսինքն Ադրբեջանն ուզում է որոշի, թե ինչպես մտնի, ինչպես դուրս գա՞: Չի լինելու այդպիսի բան: Բայց մյուս կողմից Հայաստանը շահագրգիռ է որ երկաթուղային եւ ավտոմոբիլային  կապը վերականգնվի»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, տվյալ դեպքում խոսքը Նախիջեւանի մասին չէ, Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է. «Այսինքն մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը: հույս ունեմ՝ ճիշտ կհասկացվեմ, կարծում եմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի: Դա նոր միջազգային ճանապարհ է եւ Հայաստանը պետք է շահագրգիռ լինի, որ դա անցնի Հայաստանով: Ես չեմ հասկանում որոշ վերլուծություններ, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալուց: Այսօր բոլոր երկրները պայքարում եմ, որ ճանապարհները, երկաթուղիները, գազամուղերը, նավթամուղերը անցնեն իրենց տարածքով, որ բեռները հնարավորինս շատ տարանցվեն իր տարածքով:

Մենք ասում ենք՝ շահագրգռված ենք, որ երկաթուղին բացվի, որ լինի ոչ միայն Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, այլ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի եւ ավելի մեծ կոնտեքստ ստանա, որից Հայաստանը եւս օգտվի, երկաթուղային կապ ստանա Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ: Ադրբեջանը հասկանում է՝ սա ինչ է նշանակում, դրա համար էլ անընդհատ փորձում է, այդ թվում Հայաստանում նյարդային մթնոլորտ ստեղծել, որ ստացվի, որ Հայաստանն ինքն է իր ապաշրջափակմանը դեմ արտահայտվում»,-ընդգծեց վարչապետը: