Հայաստանը պատրաստվում է դիմադրության. ինչ անել և ինչի համար

Ահա այս իրավիճակում ակնառու է, որ Հայաստանը պարտադրված է անցում կատարել նոր պաշտպանական քաղաքականության

Նիկոլ Փաշինյանն անցկացրել է անվտանգության խորհրդի առաջին նիստը, որ տեղի է ունենում նոր կառավարության պայմաններում: Ավելին, դա ԱԽ առաջին նիստն է ընդհանրապես նոր Սահմանադրության և կառավարման նոր կարգի պայմաններում: Իսկ դրանցով ԱԽ դերակատարումը զգալիորեն բարձրացել է և խորհրդակցական որոշումների իրավասու մարմինց, ԱԽ-ն դարձել է պաշտպանական բնագավառի համար պարտադիր կատարման որոշումներ կայացնող կառույց: ԱԽ-ն պաշտպանական քաղաքականություն մշակող կառույցն է, և առաջին նիստում խոսք է գնացել հենց այդ մասին: Մի կողմից միանգամայն բնական և օրինաչափ է, որ պետք է նոր կառավարությունը, նոր վարչապետը անցկացնեին ԱԽ առաջին նիստը:

Մյուս կողմից՝ այդ նիստը տեղի է ունենում բավականին դինամիկ անվտանգային մարտահրավերների միջավայրում, որ բխում է Ադրբեջանի պահվածքից: Մասնավորապես, Բաքուն վերջին շրջանում ոչ միայն բավականին աշխույժ և ծավալուն շարժեր է կատարում թե՛ արցախ-ադրբեջանական, թե՛ Հայաստանի՝ նախիջևանյան սահմանի ուղղությամբ, այլ նաև ձեռք է բերում հեռահար հրթիռներ՝ Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից: Սա պարզապես սպառազինության նոր խմբաքանակի ձեռքբերման հարց չէ, սա նաև տեսակի խնդիր է՝ սպառազինության տեսակի: Այսպիսով, տեղի է ունենում ուշագրավ գործընթաց՝ Ադրբեջանը մի կողմից բավականին ինտենսիվ շարժեր է իրականացնում սահմանին, մյուս կողմից՝ ձեռք բերում հեռահար հրթիռներ: Ինչ է նշանակում Բաքվի այդ մարտավարությունը, անշուշտ կարող են պարզել և, ընդ որում, գուցե ոչ հրապարակման ենթակա տրամաբանությամբ միայն ռազմական մասնագետները: Ակնառու է սակայն, որ Բաքուն ըստ էության բավական նկատելի անցում է կատարում ռազմական դիվանագիտության կամ պարզապես «պատերազմի քաղաքականության» նոր փուլի: Դա ամենևին չի նշանակում, որ պատերազմ սկսելը Ադրբեջանի մոտակա պլանն է: Ավելի շուտ հնարավոր է խոսել այն մասին, որ Ադրբեջանը սկսում է նոր «որակի» պատերազմի նախապատրաստություն, ինչը ներառում է ոչ միայն դրա ռազմական, այլ նաև ռազմա-քաղաքական, քարոզչա-հոգեբանական մասը, փորձելով ազդել Հայաստանի անգամ ամենանուրբ հանրային «հյուսվածքների» վրա:

Ահա այս իրավիճակում ակնառու է, որ Հայաստանը պարտադրված է անցում կատարել նոր պաշտպանական քաղաքականության, որը համարժեք պետք է լինի Ադրբեջանի նոր «որակի» պատերազմահեն քաղաքականությանը, և որի առանցքային շեշտադրումը պետք է լինի մի կողմից ապահովել զսպման ռազմական կարողությունները, մյուս կողմից, սակայն, բուն շեշտը դնել կանխարգելման քաղաքական միջոցների վրա: Սա իսկապես բարդագույն խնդիր է, որ Հայաստանից պահանջելու է ռեսուրսների և մարդկային գրեթե բացարձակ մոբիլիզացիա, մյուս կողմից, իհարկե, բացառելով խուճապային կամ տագնապային տրամադրությունների որևէ հրահրում՝ կամա, թե ակամա: Դա իսկապես լայն քաղաքական խնդիր է, պաշտպանական քաղաքականության մի կողմից արագ, մյուս կողմից՝ լայնածավալ վերանայման խնդիր, և այդ իմաստով Անվտանգության խորհրդի աշխատանքը ոչ միայն պետք է սկսվի, այլ պետք է ինտենսիվ լինի ամենատարբեր ուղղություններով: Այդ իմաստով ուշագրավ է, որ խորհրդի նիստում պաշտպանության նախարարը ներկայացրել է ակտիվ պաշտպանական քաղաքականության նոր մեթոդները:

Հասկանալի է, որ դրանց մանրամասնումը նպատակահարմար չէ մի շարք պարզ հանգամանքների պատճառով: Սակայն շեշտադրումը՝ ակտիվ պաշտպանություն, հույժ կարևոր է, քանի որ տվյալ պարագայում Ադրբեջանին զսպող գործոններից կարևորագույնը պետք է լինի նախ և առաջ ցույց տալը, որ ադրբեջանական սպառազինության ցուցադրությունը Երևանի վրա չի ունենում հոգեբանական անկում արձանագրող ազդեցություն, և Հայաստանի իշխանությունը հանգիստ, միաժամանակ ինտենսիվ պատրաստվում է նոր մարտահրավերներին: Այստեղ, անշուշտ, առաջնային նշանակություն ունեցող գործոններից մեկը այդ կառավարության հանրային լեգիտիմությունն է, որը պետք է լինի ուժեղ հենարան թե՛ ներքին, թե՛ արտաքին որոշումների ու քայլերի համար, որոնք միտված պետք է լինեն արդեն միջավայրի և խնդրի կոնցեպտուալ, խորքային, կառուցվածքա-բովանդակային փոփոխությանը: Ակնհայտ է, որ առանց դրա խորքային առումով ոչինչ փոխել հնարավոր չի լինելու:

Միաժամանակ դրանով էլ իհարկե հնարավոր չի լինելու արագորեն փոխել միջավայրային խորքը, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի առաջ կոնցեպտուալ հարցը հետևյալն է՝ Ադրբեջանին զսպելը ինքնին նպատա՞կն է, թե՞ միջոցը, որով ժամանակ պետք է շահենք զուգահեռաբար արդեն խնդրի շուրջ աշխարհաքաղաքական միջավայրի կոնցեպտուալ փոփոխության և պատերազմի վերսկսման վտանգը արդեն հնարավորինս խորքից բացառելու համար, այդպիսով նվազեցնելով ընթացիկ, օպերատիվ մրցավազքի լարվածությունը: