Արցախում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2018թ. կկազմի շուրջ 4260 դոլար

Պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները

Այսօր կայացել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Անդրադարձ է կատարվել անցնող տարվա տնտեսական ցուցանիշներին և արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները:

«Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2018 թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց՝ այդպիսով գրեթե հավասարվելով ՀՀ համապատասխան ցուցանիշին»,- նշել է ԱՀ պետնախարարը ասուլիսի ժամանակ։

Ըստ ոլորտների (տնտեսական աճ, գործարար միջավայր և ՓՄՁ, արդյունաբերություն, էներգետիկա, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, արտաքին առևտրաշրջանառություն, տարածքային կառավարում, բնակարանաշինություն և հիփոթեք, պետական բյուջե) արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին։