«Քո հավատքը քեզ փրկեց» (Մատթ. 9.22)

Նա օգնություն խնդրեց ոչ թե այլ կուռքերից ու աստվածներից,այլ հենց Քրիստոսից՝ միայն ու միայն Քրիստոսից: Եվ գտավ իր փրկությունը՝ իր հավատով

Հիսուս

Ինչպե՞ս հավատալ: Այս հարցը հետաքրքրում է բոլոր նրանց, ովքեր վստահ չեն իրենց հավատքի մեջ, կամ ասում են, թե հաստատապես հավատում են, սակայն չգիտեն՝ սխա՞լ են, թե՞ ճիշտ իրենց հավատքում: Պետք է, սակայն, հաստատապես ասենք, որ հավատքը չունի պայմաններ, վեր է պայմաններից: Այն իրականում չունի պահանջներ, օրենքներ և կանոններ: Հավատքի կյանքում պետք է առաջնորդվենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքով և որպես օրինակ մեր առաջ ունենանք Նրա կատարելությունը: 

Ավետարանում պատմվում է մի դրվագ, երբ 12 տարի հիվանդ մի կին մոտենում է Քրիստոսին և հավատով, թե կբժշկվի, դիպչում Քրիստոսի զգեստի քղանցքին: Իսկ Քրիստոս նրան է դիմում՝ ասելով. «Քո հավատքը քեզ փրկեց» (Մատթ. 9.22): Այսպես է և մեր հոգևոր ընթացքում, և որպես հավատացյալներ պիտի ունենանք գիտակցումը, որ եթե անվերապահորեն վստահում են Քրիստոսին, երբեք չենք մնում մենակ մեր դժվարությունների դեմ: Մեր Փրկիչը մեր կողքին է ամեն պահի, երբ հավատալով խնդրում ենք նրան և պարզում մեր անօգնական ձեռքերը: Այդ դեպքում հայտնվում ենք այն կնոջ կարգավիճակում, ով այդքան հավատով դիպավ Քրիստոսի զգեստի քղանցքին և միայն Քրիստոսի միջոցով էր, որ տեսավ իր փրկությունը: Նա օգնություն խնդրեց ոչ թե այլ կուռքերից ու աստվածներից,այլ հենց Քրիստոսից՝ միայն ու միայն Քրիստոսից: Եվ գտավ իր փրկությունը՝ իր հավատով:

Ինչպե՞ս հասնել այսպիսի հաստատակամությանը հավատքի մեջ: Որպես Քրիստոսի արժանի հետևորդներ՝ պետք է հաստակորեն գիտակցենք մեր առաքելությունը: Մենք փորձում ենք մեր ընթացքով մոտենալ Փրկչին, արժանի լինել Նրա հետևորդը կոչվելու: Ուստի՝ այս մասին մտածելով՝ ինքներս մեզ հարցնենք՝ ինչպես է մեր անվերապահ հավատքն օգնում մեզ Տիրոջւ մոտենալու ճանապարհին:

Քրիստոս մեզ համար չխնայեց ոչինչ, և մեր պատասխանն այդ զոհողությանը պետք է արտահայտվի մեր հավաքի և անմնացորդ սիրո միջոցով: Իսկ մեզ ոչինչ չի խանգարում հավատալ և սիրել: Ուստի՝ դառնա՛նք դեպի Քրիստոս մեր իրական, ոչ կեղծ հավատքով, ապավինենք միայն Քրիստոսին մեր կյանքի բոլոր օրերում, և միայն այդ դեպքում կլսենք արդար խոսքը. «Քո հավատքը քեզ փրկեց»:

qahana.am