Կառավարությունը պետք է հրաժարական տա. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր

նիկոլ

Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամի մասին «ՍիվիլՆեթի» հետ զրուցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հարցազրույցում նախագահը խոսում է պատերազմի, խաղաղության և ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակների մասին:

«Եթե դու ունես ճգնաժամ, եթե պատերազմ ես պարտվել՝  տնտեսական թե ռազմական, պետք է նորից սկսես: Հակառակ դեպքում՝ պարտությունը դառնում է  սովորական, այսինքն, դու շարունակում ես ապրել պարտվածի հոգեբանության տրամաբանությամբ: Շատ հաճախ մարդիկ, եթե պարտություն են ունենում, փորձում են այդ էջը փակել և նորից սկսել: Իմ առաջարկը տրամաբանական է, սովորական պետական ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ է, բացարձակապես անձնավորված չէ: Խոսքը մեր երկրի և այն ճգնաժամային իրավիճակի մասին է, որ ունենք:

Լուծումը կազմված է հինգ պարզագույն կետերից: Առաջինը՝ ճանաչել, որ ունես ճգնաժամ, և, հետևաբար, կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիշտն ասած, այս քայլի մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում:

Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի առաջարկությանը և կսկսի ձեռնարկել այն, ինչ առաջարկել էի, այսինքն՝ հրաժարական, ժամանակավոր կամ ազգային համաձայնության կառավարություն, որը դժվար է ձևավորել, որովհետև այդ դեպքում ոչ միայն կառավարությունը կամ իշխող ուժը պետք է համաձայնության գա, այլ նաև ընդդիմությունը:

Բայց տվյալ դեպքում ընդդիմությունը մի տեղ է, կառավարությունը՝ մեկ այլ: Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր:

Ճգնաժամ ունենալու համար պետք չէ 2-3 հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, ուղղակի պետք է տեսնես, որ կա ճգնաժամ: Հետևաբար, առաջին քայլը կառավարության հրաժարականն է, և հետո ստեղծել կառավարություն»:

Մանրամասները` տեսանյութում։