Բայդենի շտաբից հայտնել են, որ իրենց թեկնածուն հաղթում է ընտրություններում․ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է

Բայդենը ստացել է ընտրիչների 238 ձայն, իսկ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 213

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են ընտրություններում հաղթանակ տանելու մասին:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթեցինք: Եվ մենք կպաշտպանենք այս ընտրությունները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ առցանց ասուլիսում հայտարարել է շտաբի խորհրդական, փաստաբան Բոբ Բաուերը:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ նախնական արդյունքների համաձայն՝ Բայդենը ստացել է ընտրիչների 238 ձայն, իսկ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 213: Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն հավաքել:

Աղբյուրը նշում է, որ քանի որ ընտրությունների արդյունքները դեռևս բոլոր նահանգներում չեն հաշվարկվել, իսկ Հյուսիսային Կարոլինա և Փենսիլվանիա նահանգներում դրա համար կարող են օրեր պահանջվել, թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է:

Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Քվեարկությունը պաշտոնապես ավատվել է տեղի ժամանակով նոյեմբերի 4- 01:00-ին (երևանյան՝ 10:00), երբ ընտրատեսամասերը փակվել են նաև Ալյասկայում: Ընտրությունների արդյունքում հայտնի կդառնան ինչպես երկրի նոր ղեկավարը, այնպես էլ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները, մի շարք նահանգապետեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հայտնի դառնալ նոյեմբերի 6-ին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել CNN-ի մոսկովյան գրասենյակի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ջիլ Դոգերթին:

Ավելի վաղ Բայդենի շտաբից հայտնել էին, որ վերջինս Թրամփից առաջ է անցել Միչիգան և Վիսկոնսին նահանգներում:

Թրամփի շտաբից էլ ավելի վաղ վստահություն էին հայտնել, որ հանրապետական գործիչն է հաղթանակ տանելու ընտրություններում: Սլովենիայի վարչապետը նույնիսկ շնորհավորել էր Թրամփին «վերընտրվելու» կապակցությամբ՝ չսպասելով վերջնական արդյունքների հայտարարմանը:

Հաղորդվում է նաև, որ 2020 թվականի ընտրություններում մասնակցության հայտը գերազանցել է վերջին 120 տարվա ցուցանիշները: