Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները

Ամբողջ երկրում համընդհանուր գործադուլ է, փակ են բանկերը, դպրոցները, համալսարանները, պետական հաստատություններն ու խանութները

Լիբանանում ցուցարարներն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, փակել են երկրի հյուսիսից մայրաքաղաք Բեյրութ տանող հիմնական ավտոմայրուղին: Բացի այդ, մեքենայի անվադողերով և աղբամաններով փակվել են մայրաքաղաքի հիմնական ճանապարհները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Բեյրութից հյուսիս մայրուղին և ծովային ճանապարհները փակ են, Բեյրութի փողոցները՝ նույնպես: Ցուցարարներն այրել են անիվներ ու աղբամաններ: Ձեռքի տակ եղած միջոցներով բարիկադներ են դրվում»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ամբողջ երկրում համընդհանուր գործադուլ է: Փակ են բանկերը, դպրոցները, համալսարանները, պետական հաստատություններն ու խանութները:

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ից Լիբանանում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում: Ուրբաթ երեկոյան Բեյրութ են մտցվել լրացուցիչ զորքեր: Զինվորականները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել, իսկ ոստիկանները՝ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Ցույցերի պատճառը նոր հարկերն են, որոնք սահմանվել էին ինտերնետ-հավելվածներից օգտվելու համար (օրինակ՝ WhatsApp հավելվածի համար ամսական 6 դոլար), ինչպես նաև՝ ծխախոտային ապրանքների համար: Ծրագրվում է մինչ 2022 թվականը բարձրացնել նաև ավելացված արժեքի հարկը՝ 15%-ով: Ուրբաթ երեկոյան կապի նախարար Մուհամմադ Շուքեյրը հայտարարել է «WhatsApp-ի հարկի» չեղարկման մասին, բայց ցույցերը չեն դադարել: Վարչապետը 72 ժամ էր տվել կառավարությանը՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, ինչից հետո երեք նախարարներ և փոխվարչապետը, որոնք ներկայացնում են «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությունը, հրաժարական են տվել: