Պուտինը ոչ մի բանի մասին հենց այնպես չի նշում. ի՞նչ էր նա հասկացնում Ադրբեջանին

Մանրամասներ

արմեն

Պոմպեոյի հետ հանդիպումը սովորական հանդիպում էր, նման  բազմաթիվ հանդիպումներ են եղել, ուղղակի քանի որ Ռուսաստանի ջանքերը իրականություն չեն դառնում, Ֆրանսիան էլ չկարողացավ հրադադարը սահմանել, հիմա Ամերիկան է փորձում ինչ -որ բան անել. Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, առ այն, որ երկու կողմերը պետք է սկսեն առարկայական բանակցություններԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, հիմնվելով՝տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Պոմպեոյի հայտարարությունը պետք է դիտարկել Ամերիկայում ընթացող  նախընտրական գործունեության ֆոնին: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այդ կերպ Ամերիկան իր երկրի քաղաքացիներին, ընտրողներին ներկայացնում է, որ ԱՄՆ նախագահը խաղաղություն է հաստատում և նույնիսկ  այն ամերիկացիներն, որոնք չգիտեն անգամ որտեղ է Հայաստանը, բայց  լսում են, որ իրենց նախագահը խաղաղության է հասել, կարող է ձայներ բերել Թրամփին, սակայն Բադալյանը համոզված է, որ իրականում  ամեն ինչ ռազմաճակատի դաշտում է որոշվում:

«Միացյալ նահանգների այս վարչակազմը Թուրքիայի հետ խնդիրներ ունի կապված Ս- 400-ի հետ, բայց Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ ավելի պրագմատիկ է և ինքը չի առաջնորդվում Թուրքիային դեմ լինելով: Թրամփի վարչակազմը Թուրքիայի հետ կապված այնքան էլ խնդիրներ չունի: Այնպես որ մտածել, որ Ամերիկան պատժամիջոցներ կիրականացնի Թուրքիայի դեմ, այդպես չէ: Հիմնական հաջողությունը որոշվում է ռազմաճակատում և պատերազմող այն կողմը, ով շատ կոչնչացնի  մյուսին, դա էլ կլինի թելադրող բանակցային կողմ»,- մեկնաբանեց նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վ. Պուտինի  ելույթին, որում անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, Արմեն Բադալյանը ընդգծեց, որ Պուտինը իր ելույթում նշեց պետության դիրքորոշումը՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ.

«Պուտինը ոչ մի բանի մասին հենց այնպես չի նշում: Նա նշեց, որ սա տարածքային  վեճ չէ, Ադրբեջանին հասկացրեց, որ սա արյունալի ծագում ունեցող էթնիկ խնդիր է, տարածքի խնդիր չէ,  դու կռվում ես, որ էթնիկ զտում իրականացնես այնտեղ, որտեղ հայերն են ապրում: Նա նշեց նաև Սումգայիթը և այլն, ցույց տալով, որ սա նոր զտում չէ և Ադրբեջանը նման զտում փորձել է նաև նախկինում իրականացնել: Սա, կարծում եմ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի մեսսիջն է, որ եթե դու չես գալիս զիջումների, ապա իմացիր, որ Ռուսասատանի դիրքորոշումը կարող է փոխվել և այլ երանգավորում ստանալ»:

Արմեն Բադալյանը նշում է, որ տեղեկություններ տարածվեցին,  նաև, որ Ռուսաստանը կարող է ադրբեջանական բանջարեղենի առջև փակել ռուսական շուկան, այսինքն՝ հնարավոր է տնտեսական ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որպեսզի հասնի իր նպատակներին այն է՝ ռուս խաղաղապահների մուտքը:

Խոսելով երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Վ. Պուտինին ուղղված նամակի մասին՝ Արմեն Բադալյանը նշեց, որ իր ենթադրությամբ Վալդայում հնչած մեսիջներն են, որ Արայիկ Հարությունյանին դրդեցին համապատասխան նամակ գրել՝ ներկայացնելով Ղարաբաղի դերը Ռուսատանի արտաքին քաղաքականության մեջ.

«Նամակով դիմելը հասկանալի է, որովհետև պատերազմական վիճակը ծանր է, ինչպես պաշտոնական Ղարաբաղն է նշում, և պետք է լինի աջակցություն, ուղղակի մենք չգիտենք անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածություններ կա՞ն, այդ նամակին ինչ -որ բան պետք է հետևի, թե սա ուղղակի նամակ էր, որ գրվեց գրվելու համար: Առավել ևս, երբ Զատուլինը նշեց, որ դա կքննարկվի, այսինքն չի մերժում, բայց քննարկման առարկա կարող է դառնալ»:

Անդրադառնալով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների մուտքը ԼՂ, սակայն Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահ կազմի վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ, Արմեն Բադալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ նկատի ունի, որ Ադրբեջանը կարող է խաղաղապահ զորք բերել նաև պակիստանցիներից, իսկ Հայաստանը դեմ  է, քանի որ Պակիստանը Հայաստանը չի ճանաչել, իսկ Թուրքիան էլ Հայաստանի հանդեպ թշնամական վերաբեմունք ունի.

 «Երկրորդ հարցը այն է, որ խաղաղապահ զորքերը որտե՞ղ են տեղակայվելու, ո՞ր գծի երկայնքով, հստակ գիծ չկա, ուրեմն 5 շրջաններում պետք է խաղաղապահ զորք կանգնի և եթե կանգնեցին դա նշանակո՞ւմ  է, որ այնտեղ ադրբեջանի զորքերը մնում են, թե՞ դուրս են գալիս, բազմաթիվ հարցեր կան»:

Արմեն Բադալյանի կարծիքով՝  պատերազմը կավարտվի մինչև Ադրբեջանի բոլոր ռեսուրսները սպառվի՝ տեխնիկա և այլն: Ըստ նրա՝ հայկական կողմի տեղեկություններով բավականին մեծ տոկոսով սպառված են ռեսուրսները:

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան այլևս չի շարունակի զենք մատակարարել, Արմեն Բադալյանը նշեց, որ նոր տեխնիկա մատակարարելու համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են պետք.

«1000 տանկ մատակարարելու համար ժամանակ է պետք և հայկական կողմը արդեն 600 տեխնիկա խփել է և մեկ օրում Թուրքիան չի կարող այդքան տեխնիկան ապահովվել: Եվ հետո դա գումար արժե և եթե Թուրքիան անգամ իր հաշվին է մատակարարում, իր բյուջեից է ծախսում, ապա Թուրքիայի տնտեսական վիճակը այնքան էլ լավ չէ: Բայց քանի դեռ ռեսուրսները չեն սպառվել, ռազմական գործողությունները կընթանան, որոշ տեղերում՝ թեժ, դա նաև նշում են ռուսաստանցի փորձագետները»:

Աղբյուրը՝ Tert.am