Վրաստանի վարչապետը հայտարարել է պետության եւ եկեղեցու դեմ նպատակաուղղված գրոհի մասին

Հինգշաբթի Սինոդը որոշում էր ընդունել զրկել Չկոնդիդի Պետրեին (Ցաավա) քահանայապետի հոգեւոր աստիճանից։ Նիստից հետո Ցաավան լրագրողներին ասել է, որ «արվամոլության եւ մանկապղծության մեջ է մեղադրում Վրաց Ուղղափառ եկեղեցուն»

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է «պետության եւ եկեղեցու դեմ նպատակաուղղված գրոհի մասին»՝ մեկնաբանելով սկանդալային իրադարձությունները, որոնք հետեւել են  հոկտեմբերի 31-ին Սրբազան Սինոդի նիստին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Հինգշաբթի Սինոդը որոշում էր ընդունել զրկել Չկոնդիդի Պետրեին (Ցաավա) քահանայապետի հոգեւոր աստիճանից։ Նիստից հետո Ցաավան լրագրողներին ասել է, որ «արվամոլության եւ մանկապղծության մեջ է մեղադրում Վրաց Ուղղափառ եկեղեցուն»։ Այդ սկանդալային հայտարարությունները վերաբերել են անմիջապես Համայն Վրաց կաթղիկոս-պատրիարքին։ ՎՈւԵ մյուս քահանայապետերը Պետրեի մեղադրանքներն անվանել են զրպարտություն։ Հետագայում ընդդիմադիր շատ քաղաքական գործիչներ հայտարարել են Վրաց եկեղեցու ճգնաժամի մասին՝ պատահածի պատասխանատվությունը դնելով «Վրացական երազանք» կառավարող կուսակցության վրա։

«Իհարկե, որոշակի խմբեր, որոնք չեն ցանկանում երկրի հանգիստ ու խաղաղ զարգացումը, ջանում են տարբեր սադրանքների օգնությամբ վնաս հասցնել մեր երկրի վաղվա օրվան։ Նման փորձ մենք տեսանք որոշ ժամանակ առաջ, երբ մեզ համար ծրագրել էին հեղափոխական սցենար պետության եւ կառավարության հանդեպ։ Այսօր, հավանաբար, որոշել են ապակառուցողական գործողություններով անորոշություն մտցնել եկեղեցում։ Իհարկե, դա անթույլատրելի է, եւ մենք բոլորս լավ ենք հասկանում, որ Վրաստանի պատրիարքը եկեղեցու խորհրդանիշն է եւ պետականության խորհրդանիշը։ Ոչ պետությունում, ոչ եկեղեցում մենք ոչ մեկին թույլ չենք տա, որպեսզի նման ապակառուցողական գործողություններով ռիսկի ենթարկեն մեր վաղվա օրը եւ մեր երեխաների վաղվա օրը»,- այսօր ասել է Գախարիան Վրաստանի կառավարության նիստում։

Անհրաժեշտ է նշել, որ այսօր առավոտյան Վրաստանի վարչապետը հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը պատրիարքարանում տեւել է 10 րոպեից ոչ ավելի։ Գախարիան հեռացել է պատրիարքարանից՝ որեւէ մեկնաբանություն չտալով։

Համաձայն Սրբազան Սինոդի արձանագրության՝ Ցաավային արգելված է եկեղեցական գործունեություն վարել, նա հեռացվել է Չկոնդիդի թեմի առաջնորդությունից եւ Սինոդի անդամությունից։ Քահանայապետի հանդեպ ընդունված միջոցները Սինոդում բացատրել են կաթողիկոս-պատրիարքին բազմակի վիրավորանքներով եւ հաճախ հնչեցվող զրպարտչական հայտարարություններով»։

Աստվածաբանների կարծիքով՝ Սինոդի որոշումը նշանակում է, որ Պետրեն մնում է քահանայապետ, բայց ժամանակավորապես չի կարող սպասավորել եւ հաղորդություն տալ։ Սինոդի որոշումը ենթադրում է, որ քահանայապետը պետք է ինչ-որ ժամանակ վանքում աղոթքներ անի եւ ապաշխարի։

Սինոդի որոշմամբ՝ Չկոնդիդի թեմը ժամանակավորապես կգլխավորի Գրիգոլ (Կացիան), որը եղել է Ծալկայի եպիսկոպոսը։