Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը` դատարանների դիմաց. Վենետիկը հաստատել է

Ըստ հաղորդագրության` Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի

Վենետիկում նախօրեին մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։

Ըստ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության` այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։ Հաջորդիվ, նախարար Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով կարծիք տրամադրել «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։
Լիագումարի ընթացքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Հանձնաժողովի հետ կարծիքներ է փոխանակել Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։ Հանձնաժողովի հրավերով Վենետիկի լիագումար նիստին մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ըստ հաղորդագրության` Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ` նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների և թե՛ միջազգային գործընկերների հետ։
120-րդ լիագումար նիստին Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ Սահմանադրության վրա Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ կարծիքը։
<<Հանձնաժողովի կողմից կարծիքները հրապարկվելուց հետո նախարարությունն առավել մանրամասն կանդրադառնա դրանց բովանդակությանը>>,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին և ԵԽ Գլխավոր տնօրինությանը Հայաստանի կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության և կարծիքների տրամադրման համար։ Նա շեշտել է, որ նախարարության համար կարևոր է, որ Հանձնաժողովը միանշանակ դրական է գնահատել ձեռնարկված բարեփոխումների օրակարգը, իսկ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ կարծիքում մասնավորապես նշվել է, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։
Թերևս ուշագրավ է, որ Վենետիկի հնաձնաժողովը Հայաստանի դատաիրավական բարեփեխումնորի և Ստամբուլյան կոնվենցիայի հրավերը քննարկել է մեկ նիստում, դրական կարծիքներն էլ տրվել են միաժամանակ: Թերևս Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը և վավարեցումն այն գինն են, որը Հայաստանը պետք է վճարի և որի դիմաց Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական համակարգում կատարվող գործողությունների հանդեպ լոյալություն կդրսևորի: Քաղաքական սակարկության թեման թերևս ընթացել է դատական իշխանությունը վերջնականապես գործադիր և օրենսդիր իշխանությանը հանձնելու և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցերի շուրջ:

https://hayeli.am/?p=151465&l=am