ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը բացարձակ հիմնազուրկ է. ԲՀԿ խմբակցության պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված որոշումը քաղաքական է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված որոշումը քաղաքական է:

Տոնոյանը նշեց, թե իրավաբաններն ուսումնասիրել են, և նախագիծը իրավական առումով հիմնազուրկ է և մերկ: Ըստ նրա՝ անձերի խնդիր չկա: «Մենք հարցը դիտարկում ենք օրենքի շրջանակներում: Մեզ համար կարևոր է, որ մեր երկրում դատական իշխանությունը լինի իսկապես կայացած, ինքնուրույն մարմին: Այս դեպքում այս հարցի լուծումը խորհրդարանական մասով նախատեսված չէ, և հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այս նախաձեռնության քվեարկությանն ընդհանրապես: Բացարձակ հիմնազուրկ, չհիմնավորված փաստարկներով ներկայացված փաստաթուղթ է սա»,-նշել է նա:

Տոնոյանն ընդգծեց, որ զավեշտալի ու տարօրինակ է, որ «Իմ քայլը» ԲՀԿ-ին մեղադրում է ընդդիմություն չլինելու մեջ: «Սա առավել քան զավեշտալի ձևակերպում է, այս առումով քաղաքագիտական իմացությունները հղկելու անհրաժեշտություն է նկատվում»,-հավելել է Տոնոյանը:

Եվս մեկ անգամ նա ընդգծեց, որ հաշվի առնելով այս փաստաթղթի իրավական առումով մերկությունը և բազմաթիվ խոցելի կողմերը՝ իրենց բոլոր պատգամավորները դեմ են քվեարկելու: